Tert.am-ը գրում է.
40-ից  ավելի  դերեր կերտած  դերասանուհին արդեն  39  տարեկան  է: Լուիզա  Ղամբարյանն այսօր նշում է իր 39 ամյակը: Դերասանուհին 1994 թվականից աշխատել է հայկական հեռուստատեսությունում, որտեղ վարել է տարբեր հաղորդումներ` «Ես» մանկապատանեկան, «Պարատուն», «Ինչ եփել այսօր», «Բրաբիոն»: 1995-ից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 
 
1998-2003 թվականներին  Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կատարել է բազմաթիվ  ֆիլմերի կրկնօրինակումներ: 2007 թվականից նկարահանվել է հեռուստասերիալներում` «Դժբախտ երջանկություն» «Վերադարձ», «Կյանքի գինը» և այլն:
 
2008 և 2013 թվականներին  արժանացել  է  «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն դերասանուհի, 2014 թվականին`  Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Tert.am Youth-ը  զրուցել  է  Լուիզայի հետ՝  շնորհավորելու  և  պարզելու  համար, թե  ինչպես  է  նա  նշելու  ծննդյան  տոնը:
 
Ինչպե՞ս ընդունեցիք «39»-ին…
 
-Շնորհավորանքների իսկական տեղատարափով: Կեսգիշերից  սկսած տոնում եմ: Սանիկներս  անակնկալ էին արել և առաջինը շնորհավորեցին: Ընտանիքիս անդամների մասին էլ  չեմ  խոսում:
 
Նշելու  ե՞ք  տարեդարձը:
-Անպայման: Օրս  սկսել եմ աղջկաս հետ: Առավոտյան գնացինք  լողավազան, մի լավ  լողացինք ու հովացանք: Տարեդարձը լողավազանում նշելը իսկական հրաշք է (ժպտում է): Երեկոյան պլանավորել ենք ռեստորաններից մեկում նշել: Հյուրերս  կլինեն և՛ ընկերներս, և հարազատներս:
Գիտենք, որ Գեորգի Կիմիչը միշտ օրիգինալ է: Ի՞նչ  անակնալ էր  պատրաստել այս տարի:
-Այո՛, ամուսինս միշտ  օրիգինալ է: Ամեն տարի մի գեղեցիկ անակնկալ է անում: Չեմ ուզում ասել ինչ է նվիրել, քանի որ շատ անձնական է:
 
Որերո՞րդ  տարեդարձը  երբեք  չեք մոռանա...
-Գրեթե բոլոր տոներս էլ  յուրատեսակ  են  անցել: Հիշում  եմ, երբ  աղջիկս  մեկ տարեկան էր ու իր թոթով լեզվով շնորհավորեց ինձ: Բալիկիս  թթովախոս ձայնը մինչև  հիմա  ականջներումս է...
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել