Lurer.com-ը գրում է.

Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ այս տարի մեղրի միջին քանակի բերքահավաք է ակնկալվում: Այս մասին տեղեկացրեց մեղվաբույծների ազգային միավորման համանախագահ Արմեն Նազարյանը:

«Եղանակային պայմանները թույլ չտվեցին, որպեսզի մեղվաընտանիքները զարգանան: Կարկուտների, քամիների և խոնավության պատճառով մենք զրկվեցինք ծաղկափոշուց: Բայց եղանակային պայմաններն արդեն բարելավվել են, և մենք հույս ունենք, որ կորուստները կվերականգնվեն»,- նշեց Արմեն Նազարյանը:

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, մեղվաբույծ Կամո Պետրոսյանը իր հերթին մեղվապահներին հորդորեց փեթակները ցածրադիր գոտիներից տեղափոխել բարձրադիր գոտի:

«Եթե փեթակները ցածրադիր գոտիներում են տեղադրված, պետք է բարձրացնել բարձրադիր գոտի: Դա մեղվաբույծներին թույլ կտա ունենալ շատ քանակությամբ մեղր»,-ասաց նա:

Անրադառնալով հայկական մեղրին՝ Կամո Պետրոսյանը նշեց, որ հայկական մեղրի բարձր որակը պայմանավորված է Հայաստանի բնակլիմայական պայմաններով:

«Հայաստանի բարձրության միջին մակարդակը, մթնոլորտային ճնշումը, արևային օրերի քանակը նպաստում են, որպեսզի հայկական մեղրը լինի բարձր որակի»,- նշեց նա: Մեղվաբույծը նաև հիշեցրեց, որ մարդը տարեկան պետք է օգտագործի միջինը 35 կիլոգրամ մեղր:
Այս տարի Հայստանում սպասվում է մեկ փեթակից միջինը 10-15 կիլոգրամ մեղր: Մեղրի հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 25-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել