Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում սկսվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ փակ քննարկումները, որին մասնակցում են պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, նաև գործարարներ:

Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը քննարկումից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում նշեց, թե կառուցողական քննարկում է և արդեն իսկ որոշ լուծումներ փորձում են գտնել:  

Պատգամավորը երեկվա քննադատական ելույթից հետո հասկացել էր, որ կառավարության մոտեցումները դրական են:

«Գիտեք, այսօր կարողացել եմ ուշադիր նայել կառավարության մոտեցումները, թե ինչու են ուզում Հարկային օրենսգիրքը փոխել, որոնք որ ճիշտ են և այս օրենսգրքին չեն համապատասխանում»,-ասաց պատգամավորը, ով երեկվա իր ելույթում քննադատել էր Հարկային օրենսգիրքը, սակայն այսօր կողմ է քվեարկել:

Հարցին, թե ինչու մինչև իր քննադատական ելույթը չէր կարդացել, Հակոբյանը պատասխանեց, թե այսօր է ստացել:

Հակոբյանը նշեց, թե ինքն իր մտահոգությունները կարողացել է բաց արտահայտել և կողմ քվեարկել՝ հիմնվելով այն տեսակետին, որ մտահոգություններին պետք է լուծում տրվեն:

«Օրենսգրքի փիլիսոփայությանը կողմ եմ, բայց կան դրույթներ, որ սխալ են, բայց բավական էլ կան, որ ճիշտ են։ Հիմա ի՞նչ պետք է անել, սխալը ուղղե՞լ, թե ընդհանրապես հրաժարվել ճշտից»,-ասաց նա և նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ բովանդակային բոլոր փոփոխությունները կարելի է անել:  

Քննարկմանը, ըստ նրա, կարևորագույն հարց կարողացան հստակեցնել: «Օրինակ` երկրորդ հոդվածի 5,6-րդ կետում, երբ ճշտվում է հարկատուի և ստուգող մարմինների անհամաձայնություններով առաջնահերթությունը: Սա շատ կոնցեպտուալ խնդիր է, եթե օրենքների մեջ կան հակասություններ, դրա համար գործատուն չպետք է պատասխան տա»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել