Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, թե հունիսի 20-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով հանդիպումը ԵԱՀԿ-ի հետ տարաձայնությունների առիթ չի դառնա:  

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրն է: Առաջին անգամ չէ, որ համանախագահ երկրներից մեկը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպում: Սա որևէ նախաձեռնության մասին չի խոսում: Նույն հաջողությամբ հանդիպումներ են նախաձեռնել Ֆրանսիան, Ամերիկան: Մեկ անգամ չէ, որ համանախագահող երկրները միասնական դիրքորոշում են հայտնել Ղարաբաղյան հարցի շուրջ: Եվ եթե հիշում եք՝ թե՛ Լավրովը, թե՛ Քերին մշտապես խոսում են իրենց գործընկերների անունից»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ այս հանդիպումները բանակցությունները սկսելու հիմք կարող են դառնալ. «Յուրաքանչյուր բանակցությունը, թեկուզ ոչ արդյունավետ բանակցությունը խոսում է այն մասին, որ հույս կա բանակցությունը վերսկսելու և խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու»:

Ըստ նրա, Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, որովհետև ադրբեջանական կողմը շարունակում է իր քաղաքականությունը և շարունակում է ոչ կառուցողական հայտարարություններ անել:

Ի պատասխան հարցի, թե այս հանդիպումներն ինչ արդյունք կարող են տալ, եթե հաշվի առնվի, որ Արցախը ներառված չէ բանակցային գործընթացում, ԱԺ փոխնախագահն արձագանքեց, թե «կա՛մ պետք է դուռը շրխկացնել ու գնալ, ինչը ճիշտ չէ, քանի որ դեմարշ կլինի, կա՛մ էլ պետք է աստիճանաբար աշխատել ու հասնել նրան, որ Ղարաբաղը դառնա լիարժեք բանակցային կողմ»:

«Եվ պատահական չէ, որ նաև համանախագահներն են ասում, որ համաձայնագրի կարևոր ու վերջնական փուլում Ղարաբաղը անպայման կողմ պետք է դառնա: Մի բան պարզ է՝ առանց Ղարաբաղի անհնար է լուծել այս խնդիրը, որովհետև եռանախագահները, եթե խոսում են 1994 թ-ի զինադադարի համաձայնագրի վերաբերյալ, ապա պետք է ասենք, որ 1994 թ-ի զինադադարը նաև և առաջ կնքել է Լեռնային Ղարաբաղը»,– ավելացրեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել