Tert.am-ը գրում է.

Թուրքիան կարողացել է խուսափել Մոսկվային ուղղված խիստ արձագանքից ինչպես 2008 թվականին Ռուսաստան-Վրաստան, այնպես էլ 2014 թվականին Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ժամանակ:

 

2008 թվականին Թուրքիան անգամ օգտագործել է վետոյի իր իրավունքը՝ արգելափակելով ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ հաջակցություն Վրաստանի Airborne Warning and Control System (AWACS) ուղարկել Կովկաս: Անկարան նաև խուսափել է Ղրիմի անեքսիայից հետո Արևմուտքի պատժամիջոցներից, պաշտոնական Թուրքիայի արձագանքն անեքսիային մեղմ էր՝ չնայած Ղրիմի թաթարների հետ իր կապին: Անկարան նաև դիմադրել է Սև ծովում ՆԱՏՕ-ի լրացուցիչ ներկայություն ունենալու ջանքերին:

 

Այս ամենը փոխվել է 2015 թվականի նոյեմբերի վերջին, երբ կտրուկ վատթարացան Մոսկվայի հետ հարաբերությունները՝ սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո, գրում է Hurriyet Daily News-ի հոդվածագիր Բարչըն Յինանչը։

 

Ռուսաստանի խիստ արձագանքը, որը ներառել է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ և հաջորդ ամիսներին հաշտվելու բոլոր փորձերի մերժում, ստիպել է Թուրքիայի իշխանություններին պատասխան միջոցներ ձեռնարկել: Դրանք առավել ակնհայտ են Սև ծովի տարածաշրջանում:

 

Անկարայի և Մոսկվայի միջև լարվածությունը խթանել է Վրաստանի և հատկապես Ուկրաինայի հետ անվտանգության շուրջ Թուրքիայի համագործակցությունը: Ավելին՝ ՆԱՏՕ-ի ներսում Ռուսաստանի հետ կապված Թուրքիայի քաղաքականությունը նույնպես փոխվելու նշաններ է ցույց տալիս:

 

Հարց է առաջանում, թե արդյոք այս զարգացումները կարո՞ղ են համեստ քայլի հնարավորություն ընձեռել Թուրքիայի և Հայաստանի միջև սառեցված երկխոսության հարցում:

 

Ադրբեջանը, որը լուրջ դեր խաղաց Հայ- թուրքական արձանագրությունների տապալման գործում, սկսել է է՛լ ավելի շատ ներդրումներ անել Թուրքիայում էներգետիկ ոլորտում և լոբբինգի գործունեությամբ: Թուրքիայի անհանգիստ ներքին և արտաքին օրակարգը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը թողել է առաջնահերթությունների ցանկի ներքևում:

 

Բայց կարո՞ղ են Թուրքիա-Ռուսաստան հարաբերութուններն Անկարայի համար խթան հանդիսանալ քայլ անելու համար: Իրոք, տնտեսական հարաբերությունները կարծես շահել են իրավիճակից, քանի որ վերջին երեք ամսվա ընթացքում Թուրքիա-Հայաստան առևտուրը եռապատկվել է՝ հայկական աղբյուրների համաձայն:

 

Մասնավոր թուրքական Atlas ավիաընկերությունն ավելացրել է Երևան թռիչքների քանակը, և թվում է, որ այժմ բանակցություններ են ընթանում տոմսերի վաճառքի գործունեությունը «Թուրքական ավիաուղիների» միջոցով հեշտացնելու մասին՝ Հայաստանից և դեպի Հայաստան ավելի շատ ուղևորներ գրավելու համար:

 

Կարո՞ղ են այս ամենը որևէ շոշափելի արդյունքի բերել: Խիստ անհավանական է: Նախևառաջ, Ռուսաստանի հետ ներկայիս լարվածությունն ի վերջո կխոչընդոտի Թուրքիային Հայաստանի ուղղությամբ քայլ կատարելու համար, քանի որ դա անելը հակառակ հետևանքներ կունենա: Ռուսաստանը խոշոր խոչընդոտ կդառնա ցանկացած կարգավորման հարցում: Երկրորդ, Թուրքիան կխուսափի առանց Բաքվի համաձայնության նման քայլ կատարել, և այդ համաձայնությունը հորիզոնում չի երևում:

 

Քաղաքական մակարդակում ցանկացած քայլի բացակայության միակ դրական ազդեցությունը քաղաքացիական հասարակության գործունեության միջոցով «Երկրորդ մակարդակի դիվանագիտության» (Track II diplomacy) ակտիվացումն է: Թուրքիա-Հայաստան հարաբերություններում ամենակարևոր գործոնն այժմ այն փաստն է, որ երկու իշխանություններն էլ չեն խոչընդոտում և անգամ խրախուսում են այս աշխատանքները, գրում է նա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել