Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զորքի հետ միասին կռվում էին նաև վարձկան զորքեր՝ Աֆղանստանից, Պակիստանից, Չեչնիայից և այլ վայրերից: Դրանցից ամենահզորը չեչենական զորքն էր՝ Շամիլ Բասաևի հրամանատարությամբ: Սկզբնական շրջանում Բասաևը կռվում էր Աղդամի շրջանում, բայց այդտեղի կրակակետերը մեր զորքի կողմից ոչնչացնելուց հետո Բասաևը դիրքավորվում է Բաշ-Կարբենդ գյուղի դպրոցում և այնտեղից ահաբեկչական գործողություններ և հարձակումներ էր կատարում հայկական զինված ուժերի նկատմամբ: Այս ուղղությամբ հայկական զորքերի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր: Բասաևի զորքերը ժամանակ առ ժամանակ փոխվում էին, դա նպաստում էր նրան, որ զորքը միշտ մարտունակ լինի և միշտ ուժեղ հարվածներ էր հասցնում հայկական կողմին: Չեչենական զորքը պատերազմում է կրոնական դրդապատճառներով, նրանք եկել էին սրբազան պատերազմի՝ Ջիհադի, որպեսզի սատարեն ադրբեջանցիներին:
Ի տարբերության ադրբեջանական զինվորների չեչենները մարտունակ , կազմակերպված և ուժեղ ոգի ունեցող ռազմիկներ էին: Ասկերանի գնդի հրամանատար գնդապետ Վիտալի Բալասանյանը բազմիցս ռադիոկապով կապնվել է Բասաևի հետ, բացատրել է, որ մենք նրանց դեմ ոչինչ չունենք, սա իրենց պատերազմը չէ, խորհուրդ է տվել , որպեսզի հեռանան մարտի դաշտից, բայց Բասաևի զորքը խորհուրդները չի ընդունել և ստիպված Բալասանյանը ուժի լեզվով է վռնդել նրանց այնտեղից:
1993 թվականի աշնանը Բասաևի վերջին մարտն էր Արցախյան պատերազմում: Չեչենական զորքը մեծ կորուստներ կրեց, քանի որ ադրբեջանցիները փախել էին Բաշ-Կարբենդի մատույցների դիրքերից և Բասաևին թողել էին մեն մենակ Վիտալի Բալասանյանի գնդի դեմ: Չեչենական զորքը մեծ զոհեր տվեց, հայկական կողմը թույլ տվեց, որ նրանք տանեն իրենց դիակները մարտի դաշտից: Արցախյան պատերազմից հետո չի բացառվում , որ հետագայում չեչեն անհատներ կռված լինեն ադրբեջանի հետ միասին , բայց կազմակերպված խմբավորում այլևս չի գործել:
Շամիլ Բասաևը մի քանի անգամ արտահայտել է իր կարծիքը Արցախյան պատերազմի և հայկական կազմակերպված բանակի մասին: Հետագայում Բասաևը կռվել է Աբխազիայում, Վրաստանի դեմ: Այստեղ՝ հայկական գումարտակի հետ,Բասաևի զորքը հաջողության հասավ: Երբ հայկական կողմը հաղթանակից հետո խնջույք կազմակերպեց, հրավիրեցին նաև Բասաևի ՝ իր զորքի հետ նշելու հաղթանակը, բայց վերջինս հրաժարվեց, պատճառաբանելով, որ Արցախում նրանք կռվել են հայերի դեմ և չեն կարող նրանց հետ սեղան նստել:
Վիտալի Բալասանյանը նույնպես տպավորված է եղել չեչենական զորքի ու հենց Շամիլ Բասաևի մարտական ոգով: Բալասանյանի խոսքերով նա ցավում է, որ չեչենական , որոշ խմբավորումներ ժամանակին կռվել են ադրբեջանցիների կողմից, քանի որ մեր ժողովուրդների ներկայացուցիչները իրար հետ ապրել են դարեր շարունակ, հիմա էլ Չեչնիայում ապրում են հայեր: Միևնույն ժամանակ, այս օրինակը դաս պիտի լինի նրանց, ովքեր Արցախ են գալիս թշնամական նպատակներով: Այսօր էլ մենք ունենք անգերազանցելի ուսուցիչներ, ովքեր կարող են արժանի դաս տալ նրանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել