ՀԱՐՑ ՈՒՂՂԵԱԼ ԱՌ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ
ՀԱՐՑ
Հարգարժան Վարդապետ, ընդունեք երախտագիտությունս և ողջույններս: 
Երկար տարիներ առաջ, երբ Հայաստանում սով էր ու մութ, իսկ Արցախում մոլեգնում էր պատերազմը, ես աշխատում էի դպրոցում: Պայմանները ծանր էին թե՛ տանը, թե՛ դպրոցում: Մի խոսքով, ես ծանր հիվանդացա: Եվ այնպես ստացվեց, որ մեկնեցի Ռուսաստան բուժվելու: Պարզվեց, որ ծանր վիրահատություն է ինձ սպասվում: Ապավինել կարող էի միայն տեր Աստծուն: Ես չհամաձայնեցի պառկել հիվանդանոց, մինչև որ չստանամ Աստծո օրհնությունը: Եվ այդպես, ես կնքվեցի Ռուս Ուղղափառ եկեղեցում, ստացա կնքանուն: Ես հավատում եմ Տիրոջ զորությանը: Փառք Տիրոջը, ով փրկեց ինձ: Եվ դրանից հետո, մինչ այսօր, եկեղեցի մտնելուց՝ թե՛ Առաքելական, թե՛ Ուղղափառ, ես մեխանիկաբար խաչակնքվում եմ ըստ մեր եկեղեցու: Ուզում եմ ասել, հոգով պատկանում եմ Հիսուս Քրիստոսին, բայց ինչպես իմացաք, կնքվել եմ ուղղափառ եկեղեցում: Ես ինձ զգում եմ երկու արժեքների մեջտեղում: Ինչ անել, չգիտեմ: Վախենում էի՝ ինձ կմեղադրեն, չեն հասկանա, կամ ելք չկա: Իսկ Ձեզ վստահում եմ, այդ պատճառով էլ մանրամասն պատմեցի: Հույս ունեմ՝ ինձ կօգնեք: Գիտեք, որ Հիսուսի կյանքի, քարոզչության, խաչելության մասին առաջին անգամ լսել եմ մի պատանի հրեայից: Անաստվածության տարիներին մեծացած մեկի համար շոկային վիճակ էր: Երբեք չեմ մոռանա իմ առաջին տպավորությունը, ապրումները: Միանգամից իմ ներսում փոխվեց ամեն ինչ... Ես գիտեմ, որ մեր և ուղղափառ եկեղեցիներում կա տարբերություն, չնայած որ կրոնը նույնն է: Բայց ինչու, ես ինձ փնտրում ու չեմ գտնում...
Ողորմած աստված, ես քո օգնության կարիքն ունեմ...
Շնորհակալ եմ, Վարդապետ, որ ժամանակ եք գտնում մարդկանց օգնելու նաև համացանցով: Շնորհակալ եմ նաև ինձ լսելու համար: Սպասում եմ պատասխանի: Հարգանքներով Ձեր խոնարհ ծառա:
Այսօր
02:06
ՊԱՏԱՍԽԱՆ
Հարգարժան հարցատու, մեր ցավը կայանում է նրանում, որ մենք երբեք ազգային արժեքների նկատմամբ այնպես բծախնդիր չենք, ինչպես մյուսները։ Ինչպես օրինակ ձեր նշած հրեա տղան։ Սակայն ամեն բան առջևում է, և կատարվածը մնում է անհերքելի։ Ապրեք այնպես, ինչպես գտնում էք ճիշտ, քանի որ ոչ ոք չի կարող փոխել եղելությունը։ Իրականում որքան էլ Աստվածաշունչը մեկ է, Հայր Որդին և Սուրբ Հոգին՝ մեկ, սակայն ցավոք մոտենալու միջոցներն են տարբեր, և դա կարծեք ստեղծվել է այն նպատակով, որպեսզի Սիրո Ուսուցչին պաշտողները սիրելով նրան, ատեն մյուսներին, որոնք իրենց նման չեն սիրում։ Ուրեմն ընտրեք, թե ինչպես եք ուզում մոտենալ Նրան՝ Փրկչին։ Միայն իմացեք այն, ինչ խոսում են ռուսները մեր եկեղեցու մասին, թե մենք Քրիստոսի մեջ միայն Աստվածայինն ենք ընդունում, սուտ և հերյուրանք է մեր սուրբ եկեղեցու մասին, դա անում են նվաստացնելու համար մեր պատմական Սրբազան Առաքելական Մայր Եկեղեցին...

ՀԱՐՑ
Նախ շնորհակալ եմ պատասխանի համար, հետո էլ ցավ ապրեցի ընթերցելով Ձեր պատասխանը: Ես շատ կուզենայի մոտենալ Փրկչին մեր եկեղեցու միջոցով, բայց ստացվում է, որ ապրելով Հայաստանում, ես չեմ կարող միանալ հոտին: Ես մտնում եմ եկեղեցի Տիրոջ հետ հանդիպման մեղավորի զգացումով: Ի՞նչ անեմ, որ գոնե խիղճս հանգիստ լինի: Ես իմ որոշումն ընդունել եմ (ուղղափառի մասին է խոսքս), միայն Տիրոջ ինձ Հայտնվելուց հետո: Երազիս ինձ իր թևերին առնելով՝ անցկացրեց հիվանդանոցի շեմի մոտ գտնվող մեծ փոսը: 
Տեր հայր, ռուսները կրոնի մասին մեզ` հայերիս հետ խոսելիս, նման բան չեն ասում, իսկ երբ խոսքը գնում է խաչակնքվելու տարբերության մասին, նրանք չեն հասկանում, ինչու մենք ձախից ենք ասում Սուրբ հոգի, քանի որ քրիստոնյա ենք բոլորս էլ, իսկ ես չգիտեմ ինչ պատասխանել: Ես նրանց եկեղեցին այնքան էլ լավ չեմ ճանաչում, հասկանում, բայց մեծ ցանկության պարագայում անգամ, ստացվում է, որ իմ եկեղեցին էլ ինձ չի կարող ընդունել և օգնել, չնայած որ ես ողնուծուծով հայ եմ և ինձ համարում եմ առաքելական հոտի ներկայացուցիչ: Ամենայն բարիք Ձեզ, և Աստված օգնական:
ՊԱՏԱՍԽԱՆ
Հարգարժան հարցատու, ես Ձեզ բացատրեցի այն, ինչ Դուք ուզում էիք իմանալ, սակայն պարզվում է Դուք ոչ թե ուզում եք իմանալ, այլ լսել այն, ինչը ձեզ ցանկալի է։ Սրանք երկու տարբեր բաներ են։ Երբ ես մի բան հարցնում եմ, նշանակում է ուզում եմ սովորել այն, ինչին ծանոթ չեմ, ես դա եմ Ձեզ բացատրել։ Քավ լիցի, այսօր Ձեզ որևէ մեկը չի արգելում Ձեր ուզած եկեղեցում գտնելու կապը Ձեր և Հայր Աստծո միջև, միակ խնդիրը կայանում է նրանում, որ բոլոր եկեղեցիներն էլ, խոսելով Աստծու մասին, ունեն իրենց հարթած ճանապարհը, որն էլ ցույց են տալիս։ Այն, որ խաչակնքման համար նրանք ունեն իրենց բացատրությունը, նշանակում է բացատրության ձևը, որը տարբերվում է մեր եկեղեցու բացատրությունից, վկայում է, թե կրոնը նույնն է, դավանանքն ու ծեսերն են տարբեր։ Նախ Դուք Ձեր հոգում պիտի հստակեցնեք, որ ուղու վրա եք ուզում կանգնել, այն, ինչը կոչվում է մեր հավատամքի բացատրությամբ ուղղափառություն, որ նշանակում է ուղիղ հավատքի վրա գտնվողի փառաբանություն, թե օրթոդոքս-պրովոսլավ դավանանքը։ Այստեղից էլ կստանաք ամենաճիշտ պատասխանը։ Կուզենայի նաև, որ իմանայիք, եթե որևէ հայ կամենա ռուս եկեղեցուն անդամակցել, պարտավոր է կրկին անգամ մկրտվել, եթե նույնիսկ մկրտված է եղել Հայ Առաքելական եկեղեցում։ Նրանք բծախնդիր են իրենց կեցվածքում, մինչդեռ ոմանք մեզանից պահանջում են լինել անտարբեր կամ կարևորություն չտալ նման «անկարևոր» հարցերի։ Այդ կերպ կկորցնենք ամեն մի արժեք։ 
Եթե Դուք զգում եք, որ հոգով և էությամբ Ձեզ համար կարևորը մեր Մայր եկեղեցու հավատամքն է, որը Ձեր հոգու և մարմնի անքակտելիությունն է, ուրեմն Դուք արդեն իսկ անդամն եք այդ սրբազան կառույցի։ Կարևորը, թե ինչ կա Ձեր հոգում և ինչպիսի նվիրվածությամբ։
Ի դեպ, քանի որ խոսք գնաց խաչակնքվելուց, նշեմ, որ խաչ հանելը Ս. Երրորդության հետ որևէ առնչություն չունի։ Խաչ ենք հանում, քանի որ կամենում ենք Քրիստոսի Խաչափայտի վրա իրականացրած փրկագործության խորհրդին մասնակից հայտարարել մեզ։ Քանի որ Խաչվողը, իր արյունը թափելով մեր մեղքերի փրկության համար, արժանացրեց մեզ քավության փրկչական խորհրդին։ Ուրեմն յուրաքանչյուր անգամ խաչ հանելով՝ մենք մտովի մասնակից ենք դառնում Քրիստոսի ամենասարսափելի չարչարանքին։ Այսինքն՝ այդ կերպ նա դարձավ մատաղը՝ Քավության նոխազը, մեր մեղքերի համար, որով ամեն մի մտածումի, խոսքի և գործի մեջ մենք պիտի զգանք՝ որքանով ենք իրականացնում «եղիցի կամք քոյ» դարձվածքը, որը նշանակում էր երկրային իմ կյանքում գործած ամեն բան պիտի լիներ ցանկալի բարիության Աստծուն՝ մեր Երկնավոր Հորը։ Իսկ «յԱնուն Հոր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոն» դա որևէ աղոթք սկսելուց առաջ բանաձևումն է աղոթասացության, ոչ թե բանաձևումը խաչակնքվելուն։ Խաչակնքումը, բացի այն, որ փայլուն բացատրություն ունի տված մեծն Գրիգոր Տաթևացին, ունի մեկ այլ իմաստ ևս։ Մենք փրկագործության մասնակից ենք դառնում մեր կարևորագույն զգայարանները օրհնելով։ 
Նախ օրհնում ենք մեր միտքy, երբ ձեռքը տանում էք դեպի ճակատը, ապա օրհնում ենք մեր մարմնի այն հատվածը, ուր տեղի է ունենում նյութափոխանակությանը, իսկ ճշմարիտ նյութափոխանակություն նշանակում է առողջ մարմին, ուրեմն օրհնում ենք մեր առողջությունը, քանի որ առողջ հոգի առողջ մարմնի մեջ։ Ապա օրհնում ենք մեր ձախ կողմը՝ մեր խղճի, գթության խորհրդանիշ սիրտը, և ապա ամենավերջում մեր աջ կողմը, որը խորհրդանշում էր ուժը, զորությունը, իսկ քրիստոնեական իմաստով Երկնքի Արքայությունը, որի համար էլ ասվում է, թե բոլոր սուրբերը գտնվում են Տիրով Աջակողմյան դասում։ Ուրեմն խաչակնքումը որևէ առնչություն չունի նախ Սուրբ Երրորդության բանաձևման հետ, առավել ևս որ մենք՝ հայերս, «ինչու մենք ձախից ենք ասում Սուրբ հոգի»։ Նույնիսկ ձեր մեջբերումից երևում է, թե քրիստոնեության մեջ որքան կարևոր է աջակողմյան հասկացողությունը, որի պատճառով էլ հայոց խաչակնքումն ավարտվում է աջակողմում և ոչ թե ձախակողմում, որը խորհրդանիշն է չարի։ Այսինքն՝ ստացվում է, որ ես իմ ամբողջ աջակողմյան զորությունը՝ խիղճը, գութը, սիրտը, ավարտում եմ ձախ կողմում, իսկ եթե ձեզ հայտնի չէ, ասեմ, որ ձախակողմը խորհրդանիշն էր չարի։ Այս բոլորը մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենայն ինչ պահում է անաղարտությամբ այնպես, ինչպես մեզ փոխանցվել են դրանք դարերի խորքից և ոչ թե քաղաքական ինչ և ինչ խնդիրներից մղված ձևափոխել ենք այս կամ այն երևույթը։ Մնացեք հաստատ մեր Մայր Եկեղեցում և արդեն իսկ ապահոված կլինեք ճշմարիտ փրկությունը և հավիտենականությունը…
Մնամ միշտ աղոթարար 
Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել