Օռլանդոյի գիշերային ակումբում հրաձգություն իրականացրած Օմար Մատինի նախկին կինը նշել է նրա անհավասարակշիռ բնավորության մասին և պատմել, որ նա իրեն ծեծել է: 29-ամյա Մատինի նախկին կնոջ խոսքով՝ «նա անկայուն մարդ էր»:
Washington Post-ին տված հարցազրույցում կինը հայտնել է պարբերաբար ծեծերի մասին: «Նա կարող էր պարզապես գալ տուն և սկսել հարվածել ինձ այն բանի համար, որ լվացքը վերջացված չէ»:
Ինչպես հայտնում է Fox News հեռուստաալիքը, կինը ԱՄՆ է գնացել Ուզբեկստանից: Երիտասարդի հետ նա ծանոթացել է համացանցով և որոշել է տեղափոխվել Ֆլորիդա: Զույգը պաշտոնապես հարաբերություններ է հաստատել 2009 թվականին:
«Նա սովորական մարդ էր թվում»,- պատմել է կինը ամուսնությունից հետո ժամանակի մասին: Կինը նրան բնութագրել է որպես բավականին ինքնամփոփ: Նրա խոսքով՝ Մատինը շատ կրոնական չէր, աշխատել է պահակ ուղղիչ հաստատությունում և հաճախել է մարզասրահ:
Ամուսնությունից մի քանի ամիս անց, իմանալով ծեծերի մասին, աղջկա ծնողները Մատինի ընտանիքից նրան հետ են տարել: 2011 թվականին պաշտոնապես ձևակերպվել է բաժանումը: Նշվում է, որ Մատինի ընտանիքը ԱՄՆ է եկել Աֆղանստանից, սակայն Օմարը ծնվել է Նյու Յորքում: