Tert.am-ը գրում է.

Այսօր պայքարի մեջ կմտնի Աշխարհի չեմպիոն Գերմանիան, որը կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ:
Բունդեսթիմի կազմից վնասվածքների պատճառով դուրս են մնացել Մարկո Ռոյսը եւ Իլկայ Գյունդողանը, իսկ Միրոսլավ Կլոզեն ավարտել է իր ելույթները: Բացի այդ, այնքան էլ լավ մարզավիճակում չեն Մարիո Գյոտցեն եւ Անդրե Շյուրլեն. գերմանացիներին չի հաջողվի հեշտությամբ գործել առանց կենտրոնական հարձակվողի, այդ պատճառով նրանք երբեմն պետք է դիմեն Մարիո Գոմեսի ծառայություններին:
Յոահիմ Լյովն ԱԱ-2014-ին ու Եվրո-2016-ի ընտրական փուլում ցույց տվեց, որ կարողանում է լուծումներ գտնել բարդ իրավիճակներում:
«Եվրո-2012»-ից հետո ուկրաինացիների խաղաոճը գրեթե չի փոխվել՝ հիմնական զենքը եզրային ֆուտբոլիստներ Անդրեյ Յարմոլենկոյի ու Եվգենի Կոնոպլյանկայի ուժն է: Սակայն դրանում է կայանում նաեւ Միխայել Ֆոմենկոյի թիմի թույլությունը՝ նրանք չունեն երկրորդ պլանը: Չունենալով նույնպիսի բարձր մակարդակի փլեյմեյքեր եւ կենտրոնական հարձակվող՝ Ուկրաինան խնդիրներ է ունենում, երբ որ մրցակիցը խիտ է գործում եզրերում: Բացի այդ հաճախակի նկատվում են բացերը կիսապաշտպանության կենտրոնում: Սպասվում է, որ Գերմանիայի դեմ Ուկրաինան խաղալու է երկրորդ համարով՝ ապավինելով հակագրոհների մարտավարությանը:

Առաջիկա խաղում փորձելու են աչքի ընկնել նաեւ ուկրաինացի ֆուտբոլասերները, որոնք հանդիպման 25-րդ րոպեին պատրաստվում են կատարել ՌԴ նախագահ Պուտնի վերաբերյալ երգ: Թե ինչ հետեւանք կարող է ունենալ այս ամենը, դժվար է ասել, սակայն հայտնի է, որ ՈւԵՖԱ-ն խստորեն դատապարտում է քաղաքական ակցիաները ֆուտբոլային հանդիպումների ժամանակ:

Գերմանիայի եւ Ուկրաինայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: Գերմանացիները 2 անգամ հաղթանակ են տոնել, իսկ մնացած 3 խաղերում գրանցվել է ոչ-ոքի:

2016 թվականին թիմերը 4-ական ընկերական հանդիպում են անցկացրել: Ուկրաինացիները բոլոր խաղերում հաղթանակներ են տոնել՝ պարտության մատնելով Կիպրոսի (1:0), Ուելսի (1:0), Ռումինիայի (4:3) եւ Ալբանիայի (3:1) հավաքականներին:

Իսկ ահա Գերմանիան անցկացրած 4 հանդիպումներից 2-ում է հաղթել եւ կրել է նույնքան պարտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել