ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության մասին զեկույցի գաղտնազերծված հատվածում չկան ուղիղ ապացույցներ առ այն, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը մասնակցել է այդ հարձակումներին: Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը:
«Սեպտեմբերի 11-ից հետո հանձնաժողովը մանրամասն ստուգել է Սաուդյան Արաբիայի և նրա կառավարության մասնակցության մասին պնդումը: Հանձնաժողովի եզրակացությունը հետևյալն է՝ ոչ մի ապացույց չկա, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը կամ դրա առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ անհատապես աջակցել են սեպտեմբերի 11-ի հարձակումներին»,- ասել է Բրենանը՝ շեշտելով, որ վերջին 15 տարիներին Էր-Ռիադը ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի լավագույն գործընկերների շարքում է:
Բրենանը նաև տեղեկացրել է, որ 9/11-ի մասին զեկույցի 28 էջանոց գաղտնազերծված հատվածը կհրապարակվի մոտ ժամանակներս, և անձամբ ողջունել է այդ հնարավորությունը:



