Tert.am-ը գրում է.
Թուրքական դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ առնել Ստամբուլում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող երեք անձանց: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ 4 մարդու են ձերբակալել` ահաբեկչության կազմակերպման կասկածանքով:
«Ստամբուլի դատարանը շաբաթ ձերբակալված անձանցից մեկին մեղադրանք է ներկայացրել կանխամտածված սպանության և զինված խմբավորմանն անդամակցելու համար: Երկու այլ կասկածյալների մեղադրանք է ներկայացվել անօրինական զինված խմբավորումների հետ առնչություն ունենալու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հզոր պայթյուն էր տեղի ունեցել հունիսի 7-ի առավոտյան: Պայթյունը որոտացել է կանգառի մոտակայքում այն պահին, երբ ոստիկանական ավտոբուս է անցնելիս եղել: Ահաբեկչության հետևանքով 11 մարդ է զոհվել, որոնցից 6-ը` ոստիկաններ: Եվս 36 մարդ վնասվածքներ էր ստացել:



