Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների հարցով միջազգային կառույցներին դիմելուն և ստացված արձագանքներին:

Նա ասաց, որ այդ գործընթացների արդյունքները մեկ օրում կամ մեկ ամսում չեն լինում: «Մարդու իրավունքների հանձնակատարի հետ գործընթացներ նախաձեռնվեցին և նյութեր, փաստեր, փաստաթղթեր, լուսանկարներ ուղարկվեցին: Այսինքն` ամբողջ նյութերը,   ապացույցները, որոնք մենք ունենք, ներկայացված է՝ ինչպես նրան, այնպես էլ այդպիսի աշխատանք կատարված է և կատարվում է միջազգային այլ հարթակներում՝ ԵԱՀԿ, ՄԱԿ, Մարդու իրավունքների պատասխանատուներ: Մեր զոհված զինվորների ծնողների, հարազատների  կողմից դիմումներ են եղել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և դրանք ևս ընդունվել են վարույթ: Իրապես, սրանք գործընթացներ են, որ ժամանակ են պահանջում, օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ գործընթացները տարիներ են տևում»,- ասաց նա:

Հարցին, թե կաշկանդվածություն տեսնում եք այդ կառույցների կողմից՝ Ադրբեջանի դեմ որոշումներ կայացնելու կամ չճանաչված պետության շրջանակներում գործողություններ  իրականացնելու հարցում, ասաց, որ այդ առումով Մարդու իրավունքների հանձնակատարի հետ երկար զրույց է ունեցել: «Մեր շեշտադրումը եղել է հետևյալը, որ մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք մարդու իրավունքների շրջանակներում են, որոնք հաստատված են կոնվենցիաներով, եվրոպական իրավական նորմերով, միջազգային նորմերով, և այդ հարցերի մեջ պետք է ճանաչված-չճանաչվածություն հանգամանքը ազդեցություն չունենա»,- ասաց նա և մեջբերեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի այն միտքը, ըստ որի՝ մարդու իրավունքների տեսակետից փակ տարածքներ կամ սև տարածքներ չպետք է լինեն:

«Մարդու իրավունքների հանձնակատարի  դիրքորոշումը ևս այնպիսին է, որ պետք է կարողանալ այս եղած շրջանակների մեջ գտնել ճանապարհ, հնարավորություններ՝ անդրադառնալու այս խնդիրներին»,- ասաց նա:

Հերմինե Նաղդալյանը նշեց նաև, որ հաճախ Ադրբեջանի կողմից արվում են ամեն տեսակի տրամաբանություն չունեցող քայլեր՝ իրենց ուզածին հասնելու համար, որոնք սակայն մեծ մասամբ չեն անցնում: «Ես կարծում եմ, որ կարևորագույն պահերին, երբ մենք դիմել ենք եվրոպացիների սթափ դատողությանը,  ճշմարիտ եվրոպական սկզբունքներին հավատարիմ նվիրվածությանը, այնուամենայնիվ նպատակին հասել ենք, դա իրագործվել է»,- ասաց նա:

Նա նշեց, որ թեև Ադրբեջանի կողմից շատ միջոցներ, գործիքներ օգտագործվում են, սակայն ըստ նրա՝ դրանք բոլորը մեծ հաջողություններ չեն բերում: «Համենայնդեպս, համարժեք արդյունքը, այն ռեսուրսի հետ համեմատ, որ դրվում է, շատ փոքր է»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել