Tert.am-ը գրում է.
Նժդեհի արձանի տեղադրման շուրջ վայնասունով Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ գործելիք հերթական դավաճանության համար հող է նախապատրաստում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` ասելով. «Կարելի է, իհարկե, Զախարովային հակաճառել՝ ասելով, որ մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը Լենինի ձեռամբ, որի մումիան մինչ օրս Մոսկվայի կենտրոնական հրապարակի գլխավոր սրբավայրն է, բայց խնդիրն ավելի խորն է»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ անդրադարձել էր Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը` հայտնելով, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ: «Այդ վերաբերմունքն արձանագրված է միջազգային փաստաթղթերում»,- ասել էր Զախարովան:
Տիգրան Խզմալյանը հարց է տալիս` չգիտե՞ին «կրեմլամետ ռուսամոլները», որ «Հանրապետական» կուսակցության գաղափարախոսության հիմքում Նժդեհի ուսմունքն է:
«Եվ դա առաջին օրը չէ, դա տասը տարուց ավելի է: Ինչո՞ւ հենց հիմա է Ռուսաստանն անդրադառնում Նժդեհի արձանին: Այսինքն` սա թյուրիմացություն կամ անհեթեթություն չէ, սա ռուսական դեմարշ է, որով նախապատրաստվում է հերթական վատթարացումը ռուս-հայկական հարաբերություններում, որովհետև Հայաստանում արդեն երևի քարերը միայն չեն խոսում ռուսական թուրքամետ քաղաքականության մասին»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Իսկ Էրդողանի ու Պուտինի միջև լարված հարաբերությունները նա համարում է ժամանակավոր դժվարություններ, սակայն գտնում է, որ Մոսկվան, Անկարան ու Բաքուն արդեն իսկ ստեղծել են ռազմավարական առանցք, որին «Հայաստանն, ինչպես միշտ պետք է զոհաբերվի, ինչպես 1915, 1920, 1988 թվականներին»:
Նա արձանագրեց, որ մայիսի 28-ին Գարեգին Նժդեհի արձանի հանդիսավոր բացումից հետո, սա ռուսաստանյան կողմի երրորդ պաշտոնական հայտարարությունն է: Մինչ այդ եղել էին նույն հարցով ՌԴ պետդումայի 2 անդամների հայտարարությունները:
Ըստ Տիգրան Խզմալյանի` այս բոլոր հայտարարությունները լիովին տեղավորվում են Ռուսաստանի վարած տեղեկատվական պատերազմի տրամաբանության մեջ:Այսինքն՝ հիմա, ինչպես միշտ պատերազմից առաջ, գնում է ինֆորմացիոն նախապատրաստում:
«Այսինքն` ուզում են ասել, որ դուք առաջինն եք մեզ դավաճանել: Նույնն արվում էր Վրաստանի, նույնը` Ուկրաինայի նկատմամբ, այդ հակաբանդերայական կոմպանիան: Ձեռագիրը, ոճը, մարդիկ միանշանակ նույնն են»,- ամփոփեց նա:



