Tert.am-ը գրում է.

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը նման հարցազրույցների միջոցով նախևառաջ հետապնդում է այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ ադբեջանական իշխանությունների կողմից իրականացված ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը՝ պատասխանելով RUSARMINFO-ի հարցին, թե ինչպես են մեկնաբանում ուրբաթ օրը ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, որտեղ Փոլադ Բյուլբյուլօղլին կրկին բարձրաձայնում է ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը և հանդես գալիս պատերազմի վերսկսման սպառնալիքներով:

«Այն, որ այդ ագրեսիայի նախաձեռնողն Ադրբեջանն էր, կասկած չի հարուցում: Հարցազրույցների և հայտարարությունների տեսքով վերջին բոլոր ելույթներում Ադրբեջանի դեսպանը փորձում է մոռացության մատնել սեփական խոսքերը, որոնք նա ասել էր ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ժամ անց և որոնք վկայում էին, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական ավանտրյուրան: Իսկ նրա վերջին պնդումները նախատեսված են միայն իր հայրենակիցների չտեղեկացված հատվածի համար:

Մենք կրկին հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը վկայակոչելը՝ դրանց ադրբեջանական մեկնաբանմամբ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության միջազգային իրավական կարգավորման հիմնական սկզբունքների առանձին դրույթների վերաբերյալ ընտրողական մեկնաբանությունները գոյություն ունեցող փաստաթղթերի գիտակցված խեղաթյուրում է: Այդ առնչությամբ առաջարկում ենք Ադրբեջանի դեսպանին ուսումնասիրել ուրբաթ օրը հրապարակված ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի նախահոր՝ դեսպան Վլադիմիր Կազմիրովի մանրակրկիտ վերլուծությունը:

Ադրբեջանցի գործընկերների նման հայտարարությունները և մեկնաբանությունները, որոնք խեղաթյուրում են փաստերը և իրականությունը, չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, որին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ջանքերին, իբր, ձգտում է Ադրբեջանը։

Ինչ վերաբերում է խնդրի հնարավոր ռազմական լուծման մասին հերթական հիշեցմանը, կցանկանայինք նշել, որ 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հարցով միջնորդ լինելու խնդրանքով Ռուսաստանին Ադրբեջանի դիմելուց հետո բավականաչափ շատ ժամանակ է անցել համոզվելու համար ուժային տարբերակի անհնարինության մեջ: Եթե ինչ-որ մեկը նման հույսեր ուներ, դրանք այս ապրիլի սկզբին փլուզվեցին: Այդ պատճառով տրամաբանական չէ Ռուսաստանում հանդես գալ նման հռետորաբանությամբ, առավել ևս, որ Ռուսաստանը հերթական անգամ նախաձեռնություն է ցուցաբերում հակամարտության խաղաղ կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու ուղղությամբ»,- ասել են Հայաստանի դեսպանատանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել