ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում անդրադարձել է Երևանում պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը: Զախարովային արձանի տեղադրման մասին հարցը տվել էին  նախորդ ճեպազրույցի ժամանակ:


«Երևանում շաբաթ օրը բացվել է նացիստ Գարեգին Նժդեհի արձանը: Ինչպես է Ռուսաստանի ԱԳՆ-ն վերաբերում այդ փաստին՝ հաշվի առնելով հարևանների հետ մեր ընդհանուր պատմությունը»,-ըստ ՌԴ ԱԳՆ-ի հարցրել էր   լրագրողը: 

Զախարովան պատասխանել էր՝ ոչինչ ասել չի կարող, նման տեղեկատվություն չի տեսել:

«Բոլորը գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև նացիզմի, ռասիզմի, ծայրահեղականության հերոսացման նկատմամբ: Այդ հարաբերությունները ամրագրված են նաև միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, ինչու է այդ արձանը տեղադրվել: Չէ՞ որ մենք բոլորս գիտենք Հայ ժողովրդի անմահ սխրանը Հայրենական պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում»,-ասել է  նա:

Նա նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության պահպանման վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշման հիմնական ցուցիչը Ռուսաստանի համար մայիսի 9-ի տոնին՝ ընդհանուր հաղթանակի նկատմամբ ունեցած վերաբերմունքն է: Նա նշել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի «Նացզիմի, նեոնացիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրա  հետ կապված անհանդուրժողականության հերոսացման դեմ պայքարի» բանաձևի համահեղինակներից է:

«Բացի այդ, ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանում այդ բանաձևի ընդունման ժամանակ հենց Հայաստանի պատվիրակությունն է հնչեցրել ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն այդ կարևոր նախաձեռնությանը: Հաշվի առնելով սա, մենք ընդունում ենք որ հենց դա է պաշտոնական Երևանի ու հայ ժողովրդի դիրքորոշումը»,-շարունակել է Զախարովան:
Նա ավելացրել է՝ ինչպես նախկինում, քաղաքական որևէ կոնյուկտուրայի հետ չկապելով,  իրենք պարբերաբար տալու են իրենց գնահատականը այն բաների մասին, որոնք անհամատեղելի են Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակի հետ:

«Կան բաներ, որոնք պետք է անփոփոխ մնան, դա է մեր հիմնբական վերաբերմունքը»,-ասել է նա:

ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նժդեհի արձանի  տեղադրման վերաբերյալ հնչած քննադատություններին, սակայն սլաքներն ուղղել է դեպի Ադրբեջան: Այնտեղ էլ անհանգստացած են Նժդեհի արձանով:

ՀՀ ԱԳՆ խոսնակը գրել է. «Հանարահայտ փաստ է, որ Հայաստանում Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, Մետրոպոլիտենի կայարան կա, հուշարձաններ են տեղադրված՝ թուրքական զավթիչների դեմ նրա հերոսական պայքարի համար: Այն բանի համար, որ նա Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ պաշտպանել է բնակչությանը աշխարհի քարտեզի վրա նոր առաջացած Ադրբեջան պետության զինված խմբավորումներից, կազմակերպել է Հայաստանի տարածքների պաշտպանությունը, այդ թվում Զանգեզուրի:

Եվ, իհարկե, որևէ անհասկանալի բան չկա նրանում, թե ինչու Նժդեհի նոր հուշարձանի բացումը պատվերով հրապարակումների հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, ինչը Ադրբեջանի ղեկավարի կողմից Հայաստանի տարածքների նկատմամբ ոչ մեկ անգամ հնչեցրած պահանջների ուղղակի հետևանք է:

Բաքուն անբարոյական ու անպտուղ փորձեր է անում՝ ստվերելու ֆաշիզմի ջախջախման գործում հայ ժողովրդի անգնահատելի ավանդի վրա»:

ԱԳՆ խոսնակի գրառման ներքո օգտագետերերից մեկը հիշեցրել է, որ Նժդեհի արձանի տեղադրումը քննադատել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել