Բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր ավանդույթի համաձայն միացել են մեզ՝ չմոռանալով պոզիտիվ օր մաղթել բոլոր մեր ունկնդիրներին: Պետք է հիշեցնեմ, որ օրը ուրբաթ է և մեր տաղավարում հյուրընկալել ենք մի երգչի, ում երգերը մշտապես հնչում են մեր ռադիոեթերում:
- Ողջույն Հարութ, շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար: Ի՞նչպես եք:
- Բարև սիրելի Անկա, ուրախ եմ, որ գտնվում եմ ձեր տաղավարում: Լավ օր եմ մաղթում մեր շատ սիրելի հայրենակիցներին և թող այս օրը լի լինի բարությամբ և դրական լիցքերով :
- Հարութ, ի՞նչպես է սկսվում ձեր առավոտը: Թեյով, սուրճով, թե՞ հեռախոսազանգերով:
- Սիրելի Անկա, պետք է ասեմ՝ բավականին վաղ եմ արթնանում և սուրճ չեմ խմում:
- Ափսոս, ես որոշել էի անձամբ սուրճ պատրաստել ձեզ համար, դե լավ ինչ արած:
- Դե ուրեմը սա բացառիկ օրերից մեկն է
- Սակայն մինչ սուրճ եփելը, ես ունեմ բազմաթիվ հարցեր: Հուլիսի 1-ին կլինի ձեր մենահամերգը, որը բարեգործական միտում ունի և ողջ հասույթը կտրամադրվի ապրիլյան պատերազմում հերոսացած մեր զինվորների ընտանիքներին: Դժվար չէ՞ այս ամենը միայնակ կազմակերպել, թե՞ կան մարդիկ ովքեր օգնում են ձեզ:
- Գիտեք, յուրաքանչյուր աշխատանք ունի իր դժվարությունը: Փառք Աստծո, կողքիս կան մարդիկ, ովքեր ամեն րոպե ինձ հետ են: Եթե կողքիդ չլինեն լավ ընկերներ, ովքեր շատ հարցերում կարող են օգնել իհարկե շատ դժվար կլիներ, բայց հրաշալի է, որ ինձ շրջապատող մարդիկ ամեն կերպ փորձում են միշտ օգտակար լինել: Հայաստանում վերջին անգամ մենահամերգով հանդես եմ եկել 2010 թվականին. այս տարիների ընթացքում միշտ գաղափար եղել է կրկին համերգով հանդես գալ, սակայն միշտ հետաձգվել է: Ապրիլյան դեպքերից հետո, որոշումս մեկն էր՝ անպայման ներկայանալ բարեգործական համերգով, որ գոնե ես էլ իմ հնարավորության չափով կարողանամ օգնել մեր հերոսների ընտանիքներին:

- Հարութ, պատմեք նաև ԱՄՆ-ում ծավալած գործունեության մասին: Ի՞նչ նոր աշխատանքներով եք հանդես եկել այս ընթացքում:
- 2015 թվականին մենահամերգով հադես եկա «Կոդակ» թատրոնում, որն այժմ կոչվում է «Դոլբի» թատրոն: Նկարահանել եմ տեսահոլովակներ, ունեմ նոր երգեր: Ես սիրով եմ իմ գործը կատարում, քանի որ սիրում եմ իմ հանդիսատեսին:
- Հարութ, ճիշտ է՞, որ պատրաստվում եք ամուսնանալ:
- Դեռ ոչ, սակայն կցանկանամ, որ կինս հայուհի լինի:

- Փաստորեն սիրելի աղջիկներ Հարութ Բալյանի սիրտը դեռ ազատ է: Քանի որ մենք ստացել ենք բազմաթիվ զանգեր և ողջույններ ևս սիրով փոխանցում եմ մեր սիրելի ռադիունկնդիրների լավագույն բարեմաղթանքները: Ձեր երկրպագուները իրենց ամբողջ դրական էներգիան են ուղարկում և անգամ բանաստեղծություն են գրել, որը սիրով կփոխանցեմ, իսկ ես մաղթում եմ, որ միշտ լինեք այսքան բարի և դրական:
- Ես եմ շնորհակալ: Ձեզ մոտ իրոք շատ դրական և հրաշալի տրամադրություն է տիրում: Հրաշալի եթեր էր: Շնորհակալ եմ:

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



