Tert.am-ը գրում է.
Իրավաբան Ամալ Քլունին հաստատել է, որ պատրաստվում է ներկայացնել եզդիների ցեղասպանության զոհերի, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման գործողություններից տուժած Նադյա Մուրադի շահերը, ով առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ԱՄՆ կառավարությունը և Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը ճանաչել են, որ Իրաքում ԻՊ-ի կողմից ցեղասպանություն իրագործվել եզդիների նկատմամբ: Ինչպես կարող է պատահել, որ մարդկությանը հայտնի լրջագույն հանցագործությունները կատարվում են մեր աչքի առաջ, սակայն չեն դատապարտվում Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից», - ասվում է Ամալ Քլունիի` «Կանայք աշխարհում» գագաթնաժողովին ուղղված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակի առաջադրված 23-ամյա Նադյա Մուրադը, ում 2014-ին հաջողվել է փախչել ԻՊ-ի գերությունից, ճանապարհորդում է աշխարհով մեկ` լույս սփռելով եզդիների նկատմամբ իսլամիստների կատարած հանցագործությունների վրա: Նա ապրիլի 23-ին ներկա է գտնվել Երևանում անցկացված «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» համաշխարհային ֆորումին:



