Ակնհայտ է, որ ՀՀ ոստիկանությունը բնավ չի կատարում իր պարտականությունները։ Բայց արդյոք միայն ոստիկանությունը չի կատարում իր պարտականությունը․․․ Փաստորեն ՀՀ -ում չկա մի որևէ պետական կառույց, որն օրենքի սահմաններում կատարի իր զուտ աշխատանքային և մասնագիտական պարտականությունները․․․ Ինչևէ․․․ Ոստիկանության գլխավոր խնդիրը հանցագործության կանխարգելումն է, որը երբեք առաջնահերթ չի եղել մեր ոստիկանության համակարգի համար․․․ Փողոցում տաս, քսան, երեսուն րոպե շարունակվում է հանցագործ գործողությունը, բայց ոստիկանություն չկա ու չկա․․․ ԵՎ միայն ողբերգությունից հետո, որը նրանք պարտավոր էին կանխարգելել և որն ամենևին բարդ խնդիր չէ նրանց համար, հանկարծ հայտնվում են փքված ու գոռոզ տեսքով, իբր մի լուրջ գործով են զբաղված, սկսում են իրենց անմիտ չափումները․․․ հետո հանգիստ հեռանում․․․ Դրանից հետո նրանք սպասում են։ Ոչ մի դեպքում անմիջապես գործ չեն հարուցում։ Սպասում են, որ վերևից հատուկ հրաման գա, որը կարող է մի քանի ժամից ձգձգվել մինչև մի քանի ամիս․․․ Կարող է գործի մեջ այնպիսի մարդիկ ներգրավված լինեն, որ իրենց բանը բուրդ լինի․․․ Եթե այդպես էլ հրաման չկա, սկսում են տնտղել, կամաց-կամաց խորանալ, մինչև պարզեն, թե ովքեր են խառնված գործին․․․ Եվ երբ պարզվում է, որ վերևների հետ ոչ մի կապ չունեն հանցագործները, այսինքն՝ լուրջ հովանավոր չկա, նոր միայն սկսվում է եռանդուն և մասնագիտական աշխատանքը․․․ Բայց նույնիսկ այս դեպքում նրանց մտահոգությունը օրինականության և արդարության հաստատումը չէ, այլ՝ թե որքան կարող են գրպանել այդ գործից․․․ Տարիներ առաջ մի երեկույթի ժամանակ մեր քաղաքներից մեկի դատախազի տեղակալը բողոքում էր, որ գործ չկա։ Ասում էր՝ մի ժամանակ քսան հազար դոլարով էդ գործը չէինք փակի, հիմա մենք ենք առաջարկում, որ գոնե մի հինգ հազար ճարի, մի բան անենք, մեղք է, չգնա նստի․․․ Այնպես որ զարմանալի ոչինչ չկա, երբ լսում ենք, որ այդ ոլորտի ստվերային շրջանառությունը տարվա կտրվածքով անցնում է հարյուր միլիոն դոլարից, իսկ գուցե ավելին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: