Tert.am-ը գրում է.

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության աճը խնդիրներ է ստեղծում և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի «Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի»  գործադիր տնօրեն Նիկոլայ Կապիտոնենկոն:

Վերջինս նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը ռիսկ է Թուրքիայի ու Ռուսաստանի համար, ոչ թե հնարավորություն, ուստի պետություններից որևէ մեկի համար էլ շահավետ չէ: «Կարծում եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն հակամարտությունը բերել սառեցման ելակետի: Նման փորձեր արդեն իսկ արվել են: Այս համատեքստում Ռուսաստանի հնարավորությունները՝ ազդելու կողմերի վրա, ավելի մեծ են, ուստի ՌԴ դերն ավելի առանցքային է դառնում»,- նշեց Կապիտոնենկոն:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին, միջազգայնագետը նշեց, որ դրանց արդյունքը հենց բարձր մակարդակով ընթացող երկխոսության առկայության փաստն է և հակամարտությունը խաղաղ կարգավորելու շուրջ ընդհանուր համաձայնությունը:

«Օրինակ, Ուկրաինայի պարագայում ես կարող եմ ասել, որ հասնել նմանատիպ համաձայնության՝ դժվար է:  Պարզ է, որ արդյունքները դեռևս տեսանելի չեն, բայց լարվածության աճի մեծացման մեջ որևէ մեկը հետաքրքրված չէ: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի դիրքորոշումը՝ Ղարաբաղի հակամարտության հարցում, ըստ էության, միասնական է՝ կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, ու այն արտահայտում է միջազգային ընդհանուր կարծիքը: Որևէ մեկը, ով կցանկանա լարվածություն ստեղծել, դժվարությունների կբախվի «ընդհանուր կարծիքի» հետ: Փորձը ցույց տվեց, որ ճնշման նման ֆորմատն ավելի արդյունավետ, արագ ու հուսալի  դարձավ, քան՝ ՆԱՏՕ-ն»,- նշեց Նիկոլայ Կապիտոնենկոն:

Հարցին՝ արդյոք հունիսին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև կայանալիք հնարավոր հանդիպումը, որը քառօրյա պատերազմից հետո կլինի երկրորդը, կօգնի խաղաղություն հաստատել, ուկրաինացի միջազգայնագետը պատասխանեց, որ իր կարծիքով այսօրվա դրությամբ խաղաղություն հաստատված չէ: «Հնարավոր է ու ցանկալի է, որ հակամարտությունը վերադառնա թաքնված կարգավիճակին:  Տարածքային հակամարտությունները, որոնք պատմական արմատներ ունեն, խիստ դժվար լուծելի են»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք ԼՂ-ում խաղաղապահների տեղակայում, Նիկոլայ Կապիտոնենկոն պատասխանեց, որ «սառեցված» հակամարտությունների պարագայում խաղաղապահների տեղակայումը բախվում է երկու բարդության հետ: Առաջինը, ըստ միջազգայնագետի, Ռուսաստանի վետոն  է ՄԱԿ-ում, երկրորդը՝ԵԱՀԿ գործունեությունը: «Լեռնային Ղարաբաղի պարագայում, կարծում եմ, հակամարտությունը հեշտ կկարգավորվի դիվանագետների ջանքերով, նրանց ճնշմամբ, ոչ թե խաղաղապահների տեղակայմամբ»,- հավելեց Կապիտոնենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել