Tert.am-ը գրում է.

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը վստահ է, որ դժվար չէ գտնել իրեն ծեծողների շրջանակը:

Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը , ով հունիսի 6-ին զինվորական հագուստով անձանց կողմից  ծեծի ենթարկվելուց հետո գտնվում էր Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում և այսօր դուրս էր գրվել, հույս հայտնեց. «Այնուամենայնիվ, քննչական խումբ է աշխատում, տարբեր փորձաքննություններ են նշանակել, հույս ունեմ, որ առաջիկայում շատ արագ կլինի բացահայտումը»:

Հիշեցնենք, որ ԼՂ ոստիկանությունից հավաստիացնում են, որ ամեն ինչ արվում է բացահայտելու մեղավորներին, սակայն կասկածյալների մասին որևէ հարցին ի պատասխան որևէ տեղեկություն չի հայտնվում` հղում անելով նախաքննության գաղտնիությանը:

Հարցին էլ, թե միտում չի տեսնո՞ւմ նրանում, որ այդքան օր է անցել, բայց որևէ  ձերբակալված, կալանավորված ցայսօր չկա, չնայած անուններ են տվել, արցախցի պատգամավորն ասաց.«Անուններ իմ մոտ կան, բայց դեռ չեմ տվել»:

Նա նշեց նաև, թե ինչ շրջանակներից են այդ անունները` զինվորական, պետական, ասելով.«Սովորական, որևէ հատուկ շրջանակ չեն ներկայացնում: Այսինքն` կարող եմ ասել, որ ֆորմալ առումով զինվորական չեն»:

Հիշեցնենք, որ Խանումյանի  առևանգման ու  ծեծի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվել, ներառյալ, որ հենց Խանումյանի կողմնակիցներն են կազմակերպել:

Խանումյանը սա համարում է հիմար վարկած:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Սամվել Բաբայանն ասաց, որ Հայկ Խանումյանը «ղալլաթ է արել»` շրջանառության մեջ գցելով Սամվել Բաբայանին Արցախի ՊԲ հրամանատար նշանակելու նախաձեռնությունը:

Հայկ Խանումյանն ասաց, որ այլևս չի պատրաստվում հրապարակային քննարկել այդ թեման, կխոսեն այդ մասին Սամվել Բաբայանի հետ: Միայն ասաց`«ուղղակի ինքը մի քիչ կոպիտ, բայց ասաց, որ չի նախաձեռնել, այդ պահանջը ձևակերպել էր հասարակությունը, ու որը մենք ներկայացրել էինք»:

Հիշեցնենք, որ Արցախցի պատգամավորն, իր գրառման մեջ շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանց,  ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իր առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին, ովքեր դատապարտեցին միջադեպը: 

Ի պատասխան հարցի, թե ովքեր են իրեն տուն և հիվանդանոց այցելել, Հայկ Խանումյանն ասաց, որ ընկերները, իսկ քաղաքական դեմքերի մասով ավելացրեց.«Քաղաքական դեմքերից դեռ չեն եկել, տուն մինչ այդ էին եկել, ԼՂ առողջապահության նախարարն էլ էր եկել… »:

Ի պատասխան հարցի, թե հավատում է իր ծեծը դատապարտող ԼՂ նախագահ Բակո Սահակյանի  հայտարարության անկեղծությանը,  Հայկ Խանումյանն ասաց.«Ինձ զանգահարել է Բակո Սահակյանը, մաղթել է շուտափույթ ապաքինում ու հավաստիացրել, որ հարձակվողները պատիժ են կրելու»:

Նշենք, որ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարել էր.«Դժբախտաբար, ճանաչելով Խանումյանին, կարելի էր ենթադրել, որ ուշ, թե շուտ նման զարգացում կարող էր լինել, ավելին՝ նման դեպքեր էլի են եղել»։ Նա նաև նշեր էր.« Նա իրեն այնքան լկտի է պահում` անձնապես վիրավորում է մարդկանց, պրովոկացիաների ենթարկում` հիմա էլ երևի նման մի բան է արել և մեկի նյարդերը չեն դիմացել: Սա սադրանք է, և քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ, նա երևի դիտավորյալ ինչ-որ մեկից ստացել է նման առաջադրանք` մեկին անպատվել ու վիրավորելու, բայց ճիշտ հաշվարկ չի արել` սա Արցախն է, բոլոր մարդիկ պատերազմով անցած են, ճանաչել են մահը և ոչ ոք չի կարող թույլ տալ իրեն վիրավորել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե էլի կկազմակերպի՞ Սամվել Բաբայանի ընդունելություն, Հայկ Խանումյանն ասաց.«Ինչի՞ ուր է գնացել Բաբայանը», ապա կարծիք հայտնեց, թե  քանի որ 2004-ից հետո Սամվել Բաբայանն Արցախում չէր եղել», ապա Սամվել Բաբայանը վերադառնում է վերջին անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել