Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում այսօր անդրադառնալով 2015 թվականի պետական բյուջեի կատարողականին, ասաց, որ 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը նախորդ տարիների կատարողականների նման «հուսահատ ու տխուր» փաստաթուղթ է: 

«Այստեղ կան թվեր, տոկոսներ, անկումներ և նույնիսկ աճեր, բայց ինչպես նախորդ տարիներին՝ չկա ամենակարևորը՝ ռազմավարություն, թե մենք ինչպիսին ենք ուզում դարձնել մեր տնտեսությունը»,-ասաց նա։  

Ըստ ԱԺ պատգամավորի՝  գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու խոստումներից հետո ՀՀ-ում ստեղծվել է «պոմիդորահեն տնտեսություն»։

Նրա խոսքով՝ քառօրյա պատերազմը տվեց, որ «ագրարային նրբերանգներով» Հայաստանը շանս չունի գոյատևելու այս տարածաշրջանում: «Որովհետեւ արևելքում ու արևմուտքում կան հեռավոր երկրներ, որոնք ատամները սրած սպասում են, թե երբ պետք է գա Հայաստանը խժռելու պահը՝ որպես բանջարեղենամրգային դեսերտ: Պետք է ջարդել այդ ատամները, քանի որ մեր լինել-չլինելու հարցն է»,-ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ  պոմիդորով հնարավոր չէ հակառակորդի ագրեսիայի դեմ պայքարել:

«ՀՀ իշխանության ղեկին պետք է լինեն ոչ թե այն մարդիկ, որոնց ուշքումիտքը պոմիդորի միջազգային գներն են, այլ նրանք, ովքեր Հայաստանը տեսնում են որպես բարձր տեխնոլոգիական, ինդուստրիալ երկիր: Հայաստանում իշխանության ղեկին պետք է լինեն ոչ թե մարդիկ, ովքեր երազում են, որ ՀՀ-ում էլ իսրայելական նորագույն զենք լինի, այլ մարդիկ, ովքեր երկիրը վստահաբար տանում են դեպի այն հանգրվան, երբ Իսրայելն ու աշխարհի այլ երկրներ երազեն հայկական գերժամանակակից զենքեր ունենալու մասին»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը պետք է դառնա սեփական սպառազինությունների թիվ մեկ մատակարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել