iOS կամ iPad սարքեր ունեցողները հաճախակի են առնչվում քիչ ազատ հիշողության ծավալի խնդրին, քանի որ այդ սարքերի հիշողությունները հնարավոր չի լինում շատացնել հիշոության քարտերի հաշվին: Օրինակ 16Գբ սարքի վրա համարյա 6Գբ զբաղեցնում է հենց iOS համակարգը և օգտատիրոջը մնում է միայն 10 Գբ ծավալ: Հետագայում խաղեր կամ հավելվածներ տեղադրելուց հետո այդ ծավալը գնալով փոքրանում է և օգտատերերը ստիպված ջնջում են որոշ ծանր հավելվածներ կամ խաղեր: 
 
 
 
Սակայն իրականում այդ ծավալի մեծ մասը զբաղեցնում են հավելվածների և iOS-ի ժամանակավոր աշխատանքային ֆայլերը, որոնք, ի տարբերություն Անդրոիդի, հնարավոր չէ ջնջել սովորական օգտատերերի կողմից: Այդ ժամանակավոր ֆայլերը անհրաժեշտության դեպքում ավտոմատ ջնջվում են iOS համակարգի կողմից: Սակայն կա մի հնարք, որի շնորհիվ կարող ենք ստիպել iOS-ին, որպեսզի ջնջի այդ ֆայլերը և տրամադրի ավելի շատ ծավալ:
 
Այս հնարքի ընթացքում փորձելու ենք գնել ֆիլմ: Այսինքն, եթե Ձեր Itunes-ի հաշվին կցված է բանկի քարտ և ունեք այդ ֆիլմի համար պահանջվող ազատ ծավալը, ապա ավելի լավ է չփորձեք այս հնարքը, որպեսզի ֆիլմ գնելու ընթացքում գումար չկորցնեք:
 
Հնարքը սկսելուց առաջ բացեք հիշողության կարգավորումների էջը և տեսեք, թե ինչքան ազատ ծավալ ունեք  (Settings->General->Storage & iCloud): Այնուհետև կատարեք հետևյալ քայլերը.
1. iOS սարքի վրա բացեք iTunes-ը:
2.Բացեք ֆիլմերի բաժինը և ընտրեք HD որակով երևէ ֆիլմ, որի ծավալը մեծ է (օրինակ 6Գբ):
3.Սեղմեք գնելու կամ վարձակալելու կոճակը:
 
4.Համակարգը կզգուշացնի, որ սարքի վրա այդքան ազատ հիշողություն չկա:
5.Սեղմեք Cancel և սպասեք մոտ մեկ րոպե:
 
Այս քայլերից հետո բացեք սարքի հիշողության կարգավորումների էջը և տեսեք, թե ինչքան ազատ ծավալ ունեք (Settings->General->Storage & iCloud):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել