Tert.am-ը գրում է.
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային կոմիտեն (IUPAC) խորհուրդ է տվել Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրն անվանել «օգանեսոն»՝ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին, որը զգալի ավանդ ունի քիմիական տարրերի ուսումնասիրության գործում:
Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի`ռուսաստանյան մասնաճյուղում աշխատող 83-ամյա պրոֆեսորը օգնել է հայտնաբերել մի շարք գերծանր տարրեր:
Այս մասին հայտնում է nature.com-ը, վկայակոչելով Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է նաև, որ 113-րդ տարրն առաջարկել են անվանել «նիհոնիում»՝ ի պատիվ «Ճապոնիա» անվան ճապոներեն հնչող տարբերակներից մեկի: 115-րդ տարրն առաջարկել են անվանել «մոսկովիում»՝ ի պատիվ Մոսկվայի շրջանի, իսկ 117-րդ տարրը` «թենեսին»` ի պատիվ ԱՄՆ Թեննեսի նահանգի:
Ինչպես նշում է աղբյուրը, սա պատմության մեջ երկրորդ անգամն է, երբ տարրն անվանվում է կենդանի գիտնականի պատվին: