Օգոստոսը երկրի մշակութային մայրաքաղաքում նաեւ ջազային է լինելու. Շիրակի հանրային հեռուստաընկերության, Ջազի հայկական ասոցիացիայի եւ Մանուկյան ընկերության նախաձեռնությամբ Գյումրիում հուլիսին իրականություն կդառնա HAY-AT JAZZ նախագիծը. բացօթյա համերգները ունկնդրին էներգիայի ու էմոցիայի ջազային հարթություն կտեղափոխեն Գյումրու պատմամշակութային վայրերի ու թանգարանների բակերից, հայրաքաղաքն այդ օրը կյուրընկալի տարբեր ջազ-բենդերի:
Մոտ երկու ամիս առաջ «Ջազի հայկական ասոցիացիա»-ն հավաստագրով Գյումրիում իր պաշտոնական ներկայացուցիչ նշանակեց «Ջազը եւ Գյումրին» նախագծի հեղինակ Մկրտիչ Մանուկյանին. հենց այդ օրը «Ջազի հայկական ասոցիացիա»-ի նախագահ Կամո Մովսեսյանը վստահեցրեց՝ ասոցիացիայի պաշտոնական մուտքը քաղաք էլ ավելի կաշխուժացնի Գյումրու ջազային կյանքն ու ջազատարափ խոստացավ՝ Գյումրու եւ գյումրեցի հանդիսականի համար:
Մեզ հետ զրույցում Գյումրիում «Ջազի հայկական ասոցիացիա»-ի պաշտոնական ներկայացուցիչ Մկրտիչ Մանուկյանը նշեց, որ Գյումրու թանգարանների բակերը մեկ կամ մի քանի օրով ջազ համերգների հարթակի վերածելու գաղափարը վաղուց ուներ, ասում է՝ հիմա արդեն ոչինչ չի խանգարում, որ օգոստոսյան տապը Գյումրիում այդ օրերին թեժանա նաեւ ջազային ռիթմերով: Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. այսպես է մեկնում HAY-AT JAZZ -ը Մկրտիչ Մանուկյանն ու չակերտները չբացելով վստահեցնում՝ քաղաքի տարբեր անկյուններից ու հատկապես թանգարանների բակերից այդ օրը ջազ է հորդելու:
Եւ վերջում՝ որպես ծանուցում. բակը գյումրեցիների համար անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիկ: Գյումրիական «հայաթներ»-ում կազմակերպված ցանկացած հավաք ավանդաբար մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի իր մեջ. գյումրիական «հայաթներ»-ում այս անգամ միավորվելու են ավանդական միջավայրն ու ժամանակակից ջազը՝ ստեղծելով մտերմության, ջերմության ու ջազին բնորոշ ազատության ներդաշնակություն:



