Tert.am-ը գրում է.

Երևանում մեկնարկել է Հայաստան-Չեխիա գործարար համաժողովը, որին ներկա են երկու երկրների նախագահները, առևտրաարդյունաբերական պալատի նախագահները, գործարարների միության նախագահները և այլ պաշտոնյաներ ու գործարարներ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Չեխիայի Հանրապետության Նախագահի այցի շրջանակներում 26-ից ավելի չեխական ընկերություններ գտնվում են Երևանում, հայկական կողմից բիզնես ֆորումին մասնակցում են 80-ից ավելի ընկերություններ:

Նա նշեց, որ նման բիզնես ֆորումը արդեն թվով երրորդն է մեկ տարվա ընթացքում: «Ընդհանուր առմամբ մասնավոր, տնտեսական, ներդրումային և առևտրային հատվածում երկխոսությունը բավական ակտիվացել է: Կա փոխադարձ հետաքրքրություն այլ մասով աշխատանքները էապես ավելացնելու և փոխշահավետ ծրագրեր իրականացնելու առումով»,-ասաց փոխնախարարը:

Ըստ փոխնախարարի՝ միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում ևս ակտիվ քննարկվել են համագործակցության շրջանակները. նա հիշեցրեց, որ ապրիլի 26-ին Պրահայում անցկացված համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի մասին, որի ժամանակ էլ կրկին մատնանշվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է տանեն համատեղ իրականացման:

«Երկու երկրների նախագահների մոտ ևս կա մոտեցում հնարավորին համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ , որոնք որ ուղղված են երկուստեք շահերի բավարարման: Մասնավորապես կա որոշում փոխադարձաբար առևտրի խթանման, կա որոշում համատեղ մի քանի արդյունաբերական համատեղ ծրագիր իրականացնելուն, նաև ամենատարբեր ոլորտներում՝ սկսած մետրոլոգիայից, վերջացրած ստանդարտիզացման և այլ նաև այլ հարթակներում ծրագրեր իրականացնելուն ուղղված»,-ասաց նա:

Բացի այդ, ըստ փոխնախարարի, չեխ գործարարների համար մեծ հնարավորություններ կան, ինչպես օրինակ՝ Հայաստանի մուտքը դեպի ԵՏՄ շուկա, նաև Իրանի անմիջական հարևանությունը, որի նկատմամբ սահմանափակումները վերացվեցին։ Նաև ՀՀ-ի ներսում նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորումները բավական լիբերալ ապահոված են, ինչն էլ բավական հետաքրքրություն է ստեղծում չեխ գործարարների մոտ:

Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց նաև հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները՝ նշելով, որ դրանք տարեկան կազմում են մոտ 22 մլն դոլար:

«Ունենք որոշակի աճ, բայց վստահաբար կարելի է ասել, որ մենք ավելին կարող ենք ունենալ, իսկ դրան հասնելու համար պետք է այս հնարավորությունների մասին երկու երկրների մասնավոր հատվածը տեղեկացված լինի՝ ինչին էլ ուղղված են նման միջոցառումները»,-ասաց նա և նշեց, որ ներդումային ծրագրեր ևս կան:

Փոխնախարարը նշեց, որ ոլորտային սահմանափակումներ չկան՝ արտադրություն, առևտուր և այլն:

Ի դեպ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Չեխական ավիաուղիները դուրս եկան Հայաստանից. Գարեգին Մելքոնյանը պատասխանեց, որ հարցը քննարկվել է:

«Ամեն դեպքում մեր կողմից ամբողջական պատրաստակամությունը կա, և առաջին հերթին դա վերաբերում է չեխական ավիաընկերությունների բիզնես գործընթացների հաշվարկմանը: Մենք հույս ունենք, որ մի օր կտեսնենք, որ Չեխական ավիաուղիները վերականգնել են թռիչքները դեպի Հայաստան»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել