Tert.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է երկրում այնպիսի իրադարձությունների նշանների առկայության մասին, որոնք այլ երկրներում նախորդել են «գունավոր հեղափոխություններին»: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:

«Մենք բոլորս գիտենք, որ «գունավոր հեղափոխությունները» տարբեր մեթոդներ ունեն և սկսվում են հորինված հանրահավաքներով, սպանություններով, իշխանությունը գրավելու ձգտումով: Այդ նշանները հայտնվել են նաև մեզ մոտ»,- ասել է Նազարբաևը:

Նախագահը հիշեցրել է, որ այն երկրներում, «որտեղ նման բաներ են տեղի ունեցել, այսօր չկա ո՛չ պետություն, ո՛չ կայունություն, այնտեղ իշխում է աղքատությունը և ավազակությունը, ստեղծվել են ծայրահեղականների և ահաբեկիչների հայտնվելու համար պայմաններ»:

«Օգտվելով պետական քաղաքականության և մեր օրենքների լիբերալությունից՝ մեկը ցանկացել է ստուգել պետական իշխանության ամրությունը: Հայտարարում եմ, որ մենք միշտ կընդունենք ամենախիստ միջոցները ծայրահեղականներին և ահաբեկիչներին ճնշելու համար: Դրա համար պետությունն ունի բոլոր հնարավորություններն ու ուժերը»,- ընդգծել է նախագահը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հարձակում էր իրականացվել Ղազախստանի Ակտոբե քաղաքում գտնվող զորամասի և զենքի 2 խանութի վրա:  


Ոստիկանական գործողությունների ժամանակ սպանվել են հարձակումն իրականացնողներից 13-ը: Ոստիկանները շարունակում են աշխատանքը հանցագործության մյուս մասնակիցներին ձերբակալելու համար:

Նշվում է, որ զորամասի վրա հարձակում իրականացնելու համար այդ անձինք ուղևորատար ավտոբուս են գրավել, իջեցրել են վարորդին և ուղևորներին ու քշել զորամասի դարպասների ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել