Բայց մինչ դա ուշադրություն դարձնենք ԱՎԾ-ի հրապարակած 2016 թվականի առաջին եռամսյակի տվյալների վրա, ըստ որի նշված ժամանակահատվածում ՀՀ են ժամանել 252 506 զբոսաշրջիկ, որը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 8.6%-ով:
Այս տարի առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կառուցվածքում առաջատար երկիրը Ռուսաստանն է եղել, որը կազմել է ընդհանուրի 26,9%-ը: Իրանից ժամանած զբոսաշրջիկների տեսակակար կշիռը կազմել է 23,2%: Այսինքն Ռուսաստանը և Իրանը ապահովել են Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ուղիղ կեսը: Իսկ երրորդ երկիրը ԱՄՆ է, որը կազմել է 10,6%:
8,6% աճը հիմնականում ապահովել են Իրանը (աճը 35,3%) և Ռուսաստանը (աճը 5,6%): Աճել են նաև Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից այցելող զբոսաշրջիկների քանակը: Միաժամանակ նվազել են՝ ԵՄ մյուս երկրներից այցելությունները (բացի Գերմանիայից), ինչպես նաև ԱՄՆ-ից և Վրաստանից զբոսաշրջային այցելությունները:
Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների 40,5%-ը ժամանել են հանգստի և ժամանցի նպատակով, իսկ 30,4%-ը գործնական նպատակով: Իսկ մնացածը բուժական և այլ նպատակներով:
Այնուամենայնիվ զբոսաշրջային թեժ շրջանը առաջիկա ամիսներին է լինելու: Այս համատեքստում հիշենք, որ օրերս Իրանի և Հայաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի մուտքի արտոնագիրը հանվել է և քաղաքացիները Հայաստանից և Իրանից կարող են ազատ տեղաշարժվել: Դյուրացվել է նաև Շվեյցարիայի հետ վիզաների տրամադրումը: Այս բոլոր հանգամանքները բնականաբար դրականորեն են ազդելու հատկապես զբոսաշրջության ոլորտի վրա: Կարծում եմ պետք է ակնկալել, որ այս փոփոխություններից կախված, կարձանագրենք Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի աճ: