Tert.am-ը գրում է.
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մենաշնորհների դեմ կառավարության հռչակած պայքարին:
«Մենաշնորh բառը դա վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորhը ստեղծում են ուրիշի դիրքերը խանգարելու փաստով: Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, սակայն աշխարհում առկա կլասիկ մենաշնորhը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի կարողանում բերել, դրա համար»,-այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սահակյանը և հավելեց, որ վարչապետը ասել է, որ այդ ամեն ինչը պահելու է հսկողության տակ։
Հարցին, թե ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին շաքարավազ ներկրելու մենաշնորհային իրավունք կտա՞ն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բայց ինչի՞ պիտի տան, նախ շաքարավազ ուրիշ ներկրող էլ կա և 2-րդ, եթե նման խնդիր կա, ապա կառավարությունն իր որոշումն արել է, և եթե մարդիկ կան, որ ուզում են բերել, կարող են դիմել և բերել: Ովքեր ուզում են թող բերեն»:
Անդրադառնալով Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկությանը, որը մամուլում կապվում է «Լուֆթանզայի» հետ կոռուպցիոն գործարքի հետ, Գալուստ Սահակյանն ասաց, որ «նա բազմաթիվ տարիներ աշխատել է, և պարտադիր չէ, որ անվերջ ղեկավարի»:
Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելուն, ապա, ըստ Գալուստ Սահակյանի, իշխանությունները բարձր են գնահատում Գևորգյանի ընդունակությունները:



