Հայկ Խանումյանի հետ կապված ծեծուջարդի մասին դեռ շատ կարծիքներ կշրջանառվեն։  Տա Աստված, Խանումյանը շուտ ոտքի կանգնի, այդ ժամանակ որոշակիորեն կհստակեցվի, թե ովքեր են եղել նրա նկատմամբ բռնություն գործադրողները, ինչ նպատակ են հետապնդել, կամ ովքեր են կանգնած նրանց թիկունքում։ Շատ ավելի հետաքրրքական է այդ ծեծը վերջին օրերին Ղարաբաղում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների  կոնտեքստում։

եվ ուրեմն, ինչ է տեղի ունենում։ Ղարաբաղ է մեկնում  ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը, նրան դիմավորում են աղ ու հացով ու պլանավորում գործողությունների ցանկ, որի պահանջը Բաբայանին վերստին ՊԲ հրամանատարի նշանակելն է։ Բաբայանը հայտարարում է, որ Ղարաբաղը հոր բախչա չի, ով ինչ ուզենա անի։ Իհարկե, նա իրավացի է։ Սակայն այստեղ կարևոր է, թե երկարատև բացակայությունից հետո ինչպիսի ստարտով է մտնում Բաբայանը Ղարաբաղ։ Փոքր պատմական էքսկուրս կատարենք։

 

Տարիներ առաջ, իսկ ավելի կոնկրետ 2007 թվականին, երբ տասնամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձավ  Լևոն Տեր-Պետրոսյանը, հասարկության մի ստվար զանգված բացարձակ էյֆորիայիով ընդունեց առաջին նախագահի վերադարձը։ Տեր-Պետրոսյանն իր գալը նշանավորեց քաղաքական գնահատականներ տալով, չզլանալով այդ ընթացքում նշել նաև սեփական բացթողումները։ Իշխանությունները դրանք որակեցին որպես հնացած, ոչ պիտանի,  ու  պետական ամբողջ քարոզչամեքենան սկսեց աշխատել նախկին նախագահի դեմ։ Ծեծուջարդի էին ենթարկվում նրա կողմնակիցները, սակայն դրանց թիվը գնալով չէր պակասում, այլ ավելանում էր։  Գնալով ավելի ակնհայտ դարձավ, որ ինչ-որ պահի օղակը պրկվելու է ու տեղի է ունենալու բախում, քանի որ դաշտն ակնհայտորեն բաժանված էր սև ու սպիտակի։ Ցավոք, այդ բախումը տեղի ունեցավ ու ավարտվեց մարտի մեկով, որից հետո արդեն Տեր-Պետրոսյանն աստիճանաբար փոխեց հռետորաբանությունն ու խաղաոճը։ Նրա գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսը 4 տարի մոնոպոլացրեց  ընդդիմադիր դաշտը, իսկ առաջին նախագահը բանաձևեց  կոնվենցիոնալ ընդդիմության տեսլականը։ Ասել կուզեմ, Տեր-Պետրոսյանը, ով վերադառնալու պահին համարում էր, որ գործող իշխանությունն ընդամենն իր նախկին ենթականերն են ու խնդրելու են իրեն նախագահ դառնալ, թեկուզ ուշացումով, բայց հասկացավ, որ նախկին ենթական ոչ միայլ այլևս ենթակա չէ,  այլև չի խորշի նախկին շեֆի հանդեպ լինել շատ կտրուկ, տեղ-տեղ նաև անողոք։ Սա բնավ չի արդարացնում Հայաստանի իշխանությունների վարքագիծը։ Սակայն փորձը ցույց տվեց, որ Հայաստանի ավտորիտար իշխանությունների հետ վերջնագրերով խոսելը ոչ մի դրական արդյունքի չի բերում։ Փոխարենն արդեն գալիք պառլամենտական ընտրություններում կարող են ականատես լինել ՀՀԿ -ՀԱԿ համագործակցության առաջին փորձերին։

Հիմա վերադառնանք Ղարաբաղ։ Նորից ամպրոպ խաղաղ երկնքում, նորից նախկինների ու ներկաների առայժմ հեռակա փոխհրաձգություն։ Քավ լիցի, ոչ մի պարագայում Սամվել Բաբայանին չենք համեմատի Տեր-Պետրոսյանի հետ։ Բաբայանը քաղաքական գործիչ չէ, սակայն նրա տված գնահատականներն ունեն քաղաքական մոտիվներ, որովհետև ա. Նախկին հրամանատարն ապրիլյան դեպքերի հետ կապված կոշտ գնահատականներ է հնչեցրել ՊԲ հրամանատարության հասցեին, բ. Ըստ էության ցանկություն չունի հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ։  Բաբայանը պիտի հասկանար, որ իր նախկին ենթակաները, հաշվի առնելով նախկինում եղած տարաձայնությունները, մեղմ ասած, ուրախ չեն լինելու իր վերադաձին, իսկ հռետորաբանությանը՝ առավել ևս։  Հայկ Խանումյանի դեպքը, ինչպես ասում են,  Это еще цветочки, եթե, իհարկե, Բաբայանն առաջիկայում չհստակեցնի իր անելիքը։ Դրա բացակայությունը շարունակելու է գրգրռել ԼՂՀ իշխանություններին, որոնց ձեռագիրը մեծ հաշվով չի տրաբերվում Հայաստանի իշխանությունների ձեռագրից։ Ցավալի է,որ Ղարաբաղը քաղաքական գործոն դարձնելը նշանավորվում է ծեծուջարդով, բայց ուզենք-չուզենք, պիտի արձանագրենք, որ ցավոք,  ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ առավել ևս Ղարաբաղում չի ձևավորվել ցիվիլ բանավեճ ծավալելու ինստիտուտը, իսկ քանի դեռ դա չկա, զոռբայությունը շարունակելու է դոմինանտ լինել մարդկային հասարակ հարաբերություններում։

 

Ի դեպ, դեռ մեծ հարց է, ով ղալաթ արեց, Հայկ Խանումյանը, ով Սամվել Բաբայանի համար «անշառ գլուխը դրեց ցավի տակ», թե Բաբայանը, ով այս հայտարարությամբ նվազագույնը հենց իր կողմնակիցների ու անձի հանդեպ սիմպատիա ունեցողների մոտ հիասթափություն առաջացրեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել