Օրվա խորհուրդը /20.03.2012/
Մեծ պահքի 30-րդ օր /Ես. 8.5-10/
<<Գիտցեք, հեթանոսներ, Աստված մեզ հետ է, պիտի պարտվեք. լուրը հասցրեք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք: Թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու: Ինչ խորհուրդ էլ անեք` Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք` չի հաստատվելու, քանզի Տեր Աստված մեզ հետ է>>: Եսայու մարգարեությունից քաղված այս տողերը թող զորացնեն բոլոր այն քրիստոնյաներին, ովքեր ապրում են <<Տեր Աստված մեզ հետ է>> հավատով և գիտակցությամբ, և թող ահ ու սարսափ դառնան այն անձանց համար, ովքեր մեզանում, մեր Հայրենիքում սերմանում և խրախուսում են հեթանոսական բարքերն ու երևույթները: Այդպիսիններին հաղթելը դյուրին չէ, ինչպես և մեղքը պատրանքային իր քաղցրությամբ արմատախիլ անելը մեր հոգիներից: Սակայն որքան էլ նրանք ուժեղ և զորավոր, ազդեցիկ և կարող, Եսայի մարգարեն ցույց է տալիս մեզ, թե ինչպես պետք է պայքարենք: Նա հուշում է, որ Տերն է խափանելու այդ ամենը, ոչ թե մենք, որ տկար ենք մարդկային մեր բնությամբ, բայց և զորավոր այն հավատով, որ Տեր Աստված մեզ հետ է: Հետևաբար, բարեկամներս, մեր կյանքը պետք է առաջնորդենք աստվածապավինությամբ, որովհետև հաղթահարելի է կյանքում ամեն բան, եթե Աստված մեզ հետ է, երբ Նա բնակվում է մեր հոգիներում, երբ վկայվում է մեր գործերով ու կյանքով: Այդ ժամանակ որևէ մեղք, չարիք և թշնամի որքան էլ որ քաղցրահամ, զորավոր և ազդեցիկ, չի կարող դիմադրել Լույսին, չի կարող ստվերել մեր կյանքի Արեգակին, չի կարող հաղթել Հարուցյալ մեր Տիրոջը, Ով մահվամբ մահը հաղթեց և մեզ կյանք պարգևեց:
Եվ, ի վերջո, մեր ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը, որի վավերականությունը փաստվել է հայ ինքնության դարավոր ընթացքով, որի ճշմարտացիությունը հաստատվել է մեր այսօրվա գոյությամբ, ազատ ու անկախ Հայրենիք ունենալու գիտակցությամբ` անկախ նրանից աշխարհի որ ծայրում ենք ապրում, հակառակ մեր ժամանակների բազում դժվարությունների և փորձությունների: Եվ այդ առումով, այնուամենայնիվ, մենք հոգով ազատ և զորավոր ենք, քանզի Տեր Աստված մեզ հետ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել