Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ նախատեսվում է ստորագրել քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր:
   Փաստաթղթին հավանություն տալու հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Այն հավանության արժանանալուց եւ ուժի մեջ մտնելուց հետո երկու պետությունների քաղաքացիները սովորական եւ դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ եւ գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:
   Այդպես է սահմանված համաձայնագրում, որի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առեւտրային եւ այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
Թե ինչ քաղաքական եւ տնտեսական հեռանկարներ կբացվեն այս համաձայնագրի ստորագրմամբ երկու երկրների եւ հատկապես Հայաստանի համար, հետաքրքրվեցինք իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻՑ:
Նրա հավաստմամբ՝ այս քայլը փոխշահավետ համաձայնագիր է: Դրանից կշահի թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, թե՛ Հայաստանը: Քաղաքական առումով այս գործընթացը վկայում է երկու հարեւան պետությունների միջեւ վստահության ամենաբարձր մակարդակի գոյության մասին: Իսկ դա նշանակում է, որ այսուհետ քաղաքական հարցերում երկու պետությունների փոխգործակցությունն ավելի սերտ եւ բազմաշերտ է լինելու:
Անդրադառնալով հարցի տնտեսական կողմին՝ իրանագետը նշում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կխթանի երկու երկրների տնտեսությունների, հատկապես զբոսաշրջության ճյուղի ծավալմանը. «Վիզաների ռեժիմի չեղարկումը լուրջ խթան է Հայաստանի եւ Իրանի միջեւ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Դրանով ոչ միայն իրանցիների՝ դեպի Հայաստան այցելությունները կխթանվեն, այլեւ հայաստանցիները կսկսեն այցելել Իրան՝ ավելի շահավետ պայմաններով:
 Իրանը նույնպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր է, մինչդեռ մենք, չնայած մեր պատմական ու մշակութային դարավոր կապին եւ հարեւան պետություններ լինելու հանգամանքին, այդ երկիրը մինչ օրս չենք դիտարկել որպես մեզ համար զբոսաշրջային ուղղություն: Կարծում եմ, դրա պատճառներից մեկը խորհրդային երկաթե վարագույրի առկայությունն էր, որը թույլ չի տվել, որ մենք ավելի լավ ճանաչենք միմյանց եւ հարաբերվենք:
 Մինչդեռ Իրանը համաշխարհային քաղաքակրթության եւ մշակույթի խոշոր կենտրոններից է եւ մեծ գրավչություն ունի զբոսաշրջության տեսանկյունից: Հատկապես հայերիս համար այդ երկիրը գրավիչ է այնտեղ գտնվող հայկական մշակութային կոթողների շնորհիվ: Իրանի տարածքում համաշխարհային նշանակության մշակութային հուշարձաններ ունենք՝ Ատրպատականը, Ծործորի նշանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, հանրահայտ Սուրբ Ստեփանոս եւ Սուրբ Թադեի վանքերը, որոնք նշանավոր ուխտատեղիներ են հայերիս համար, եւ դրանց հանդեպ Իրանը առանձնահատուկ հոգատար վերաբերմունք է ցուցաբերում: Իրանի տարածքում է նաեւ Սպահանում գտնվող հայկական նշանավոր գաղթօջախը՝ Նոր Ջուղան:
Այնպես որ հայ զբոսաշրջիկների համար հետաքրքիր կլինեն Իրանի տարածքում գտնվող թե՛ հայկական մշակութային եւ պատմական հուշարձանները, թե՛ իրանական քաղաքակրթական հսկայական ժառանգությունը»:
Վ.Ոսկանյանը նաեւ նշում է, որ իրանցիների զբոսաշրջային հոսքի ավելացումը զգալիորեն կխթանի մեր տնտեսության զանազան ճյուղերը, քանի որ նրանց այցերի շնորհիվ Հայաստանում աշխուժանում է առեւտուրը, ինչից էլ շահում են զանազան ծառայություններ մատուցող կազմակերպություններ՝ սկսած տաքսի ծառայություններից, թարգմանական գրասենյակներից, հյուրանոցներից, զբոսաշրջային ընկերություններից եւ այլն:
Այս ոլորտում շահում է նաեւ Իրանը, քանի որ Հայաստանն այդ երկրի հարեւանների մեջ չափազանց անվտանգ, մշակութային եւ պատմական, ինչպես նաեւ բնակչության հանդուրժողականության առումով հրապուրիչ պետություն է:
Վարդան Ոսկանյանը չի բացառում, որ համաձայնագրի ստորագրմամբ նաեւ որոշակի ռիսկեր կարող են առաջանալ մեզ համար, օրինակ, թմրանյութերի շրջանառության հետ կապված: Բայց իրանագետը վստահեցնում է, որ իրավապահ մարմինները ի զորու կլինեն վերահսկել իրավիճակը՝ համապատասխան անվտանգության միջոցառումներ իրականացնելով. «Դրանք կողմնակի խնդիրներ են, որոնք հեշտ լուծելի են: Իսկ այս գործընթացը պետք է գնահատել չափազանց դրական եւ շահավետ, քանի որ նոր հեռանկարներ են բացվելու նաեւ մեզ համար: Դրական կողմերը մի քանի անգամ գերակշռում են հնարավոր ռիսկերը»:
 Այն հարցին, թե իրանցիների՝ դեպի Հայաստան ավելի մեծ հոսքի դեպքում մենք դեմոգրաֆիկ խնդիրների առաջ չե՞նք հայտնվի՝ հաշվի առնելով մեր բնակչության թվի նվազման միտումը, իրանագետն ասաց, որ նման մտահոգություններն ուռճացված են։ Եթե իրանցիների կողմից այդպիսի վտանգ լիներ, ապա այն արդեն կզգայինք. «Մինչ օրս իրանցիների համար Հայաստանի մուտքի արտոնագիր ձեռք բերելը բավական հեշտ գործընթաց է եղել, եւ նրանք առանց խոչընդոտի կարողացել են գալ մեր երկիր ու հաստատվել այստեղ: Բայց երկու պետությունների միջեւ սերտ հարաբերությունների վերահաստատման 25 տարիների ընթացքում շատ քչերն են բնակություն հաստատել Հայաստանում: Այնպես որ այդ անհանգստությունը տեղին չէ»:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նունպես դրական է գնահատում ընդհանրապես Իրանի հետ սերտ հարաբերություններ ստեղծելուն միտված ամեն մի նախաձեռնություն: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է Իրանի հետ մերձենա անսահմանորեն՝ որքան հնարավոր է. «Իրանի հետ սերտեցման հարցում մենք արդեն տանուլ ենք տալիս, քանի որ երկաթգիծը որոշվեց անցկացնել Աշտարայով, այլ ոչ թե Հայաստանով:
Բացի դրանից, վերջին տարիներին մեզանում իրանցի ուսանողների նվազման միտում է նկատվում, չգիտես ինչու երիտասարդ իրանցիներն այլեւս չեն գալիս Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու, հակառակ դրան՝ ուսանողների մեծ արտահոսք կա դեպի Վրաստան: Դա մեր բացթողումն է: Չենք կարողանում ճիշտ քաղաքականություն վարել հարեւան երկրի հետ եւ դրանից փակվում ենք, կղզիանում: Այս քայլը թերեւա կղզիացումից դուրս գալու հնարավորություն է:
Մենք ունենք չորս հարեւան պետություն: Մեկը Վրաստանն է, որը այլ քաղաքական ու տնտեսական ուղիով է ընթանում եւ չի կարող Հայաստանի հետ այդ ոլորտներում սերտ հարաբերություններ ունենալ, մյուսը Թուրքիան է, որն օկուպացրել է Հայաստանը, հաջորդը Ադրբեջանն է, որ պատերազմով մեր իսկ տարածքում ուզում է խեղդել մեզ: Իրանը ըստ էության մեր միակ ճանապարհն է դեպի աշխարհ: Իրանը մեզ համար ահռելի ուժ է, բայց մենք պետք է կարողանանք օգտվել դրանից բոլոր առումներով, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ Իրանին մեր համախոհը դարձնելով»:
Քաղաքագետի հավաստմամբ՝ Հայաստանն Իրանին անհրաժեշտ է նույնքան, որքան մենք ունենք այդ երկրի աջակցության կարիքը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում: Առաջին հերթին Իրանը Հայաստանի կարիքն ունի իր տնտեսությունը վերականգնելու, զարգացնելու առումով:
Խոսքը մասնավորապես խոշոր արդյունաբերության զարգացման մասին է. «Իրանի արդյունաբերությունը Խորհրդային Միության միջին որակի արդյունաբերության մակարդակին է, իսկ Հայաստանն իր ինժեներական, գիտական ներուժով կարող է օգնել այդ երկրին տնտեսության տվյալ ճյուղն արագորեն վերակառուցելու հարցում:
Պակաս շահավետ չի լինի երկու երկրների սերտ գործակցությունը նաեւ քաղաքական ոլորտում: Նախ՝ Հայաստանն Իրանի համար ամուր եւ ապահով սահման է, նույնը նաեւ Իրանը կլինի Հայաստանի համար: Բացի դրանից, մեր գործընկերների շարքում Իրանի աշխույժ ներկայությունը հակակշիռ կստեղծի Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, ինչի շնորհիվ Ռուսաստանին կստիպենք մեզ համար ոչ շահավետ որեւէ քայլ իրականացնելիս լավ խորհել այդ մասին եւ զերծ մնալ ոչ հայանպաստ քաղաքական քայլերից»:
Անդրադառնալով սահմանը հեշտանցանելի դարձնելու հետ կապված հնարավոր ռիսկերին, ինչպիսին, օրինակ, իրանցիների անձնագրերով ադրբեջանցիների մուտք գործելու հնարավորությունն է՝ Լեւոն Շիրինյանը նշեց, որ այդ բոլոր ռիսկերը հնարավոր է չեզոքացնել ազգային անվտանգության ճիշտ եւ ուղղորդված աշխատանքի շնորհիվ: Այսինքն՝ Իրանի հետ վիզային ռեժիմը վերացնելուց հետո Հայաստանում պետք է վերանայվեն նաեւ ազգային անվտանգությանն ուղղված մեխանիզմները՝ ավելի հզորացնելով դրանք:
 Քաղաքագետը, սակայն, մտավախություն ունի ոչ այնքան Իրանից եկող սպառնալիքներից, որքան այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքում այլ երկրների ազդեցության գործակալների ներխուժումից Հայաստան, ովքեր կփորձեն վիժեցնել երկու պետությունների հարաբերությունները խորացնելուն միտված ամեն մի նախաձեռնություն:
Այս առումով նա կարեւորում է պետական համապատասխան կառույցների աչալրջությունն ու զգոնությունը, որպեսզի այդ գործակալները հաջողության հասնելու որեւէ հնարավորություն չունենան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել