Մի հատ պարզ մտային էքսպերիմենտ անենք

Ունենք վարորդ, ով Երևանում մեքենան վարում է շատ զգույշ և պահպանելով երթևեկության կանոնները, որովհետև փողոցները տեսանկարահանվում են, կան նաև պետավտոտեսուչներ և արագության գերազանցումն արձանագրող սարքեր: Նույն վարորդը, դուրս գալով քաղաքից և հայտնվելով չվերահսկվող փողոցներում, մեքենան վարում է ուղիղ հակառակ ձև, քանի որ տեսնող-նկարահանող-պատժող չկա: Սա բոլորին հայտնի իրավիճակ է, որի ապացույցը միջքաղաքային ճանապարհներին գրեթե ամեն օր տեղի ունեցող վթարներն են, որոնց մեծ մասի պատճառը թույլատրելի արագությունը գերազանցելն է:

Եթե պետությունը ամեն վայրկյան այդ վարորդին չի վերահսկում և նա վթարի է ենթարկվում, դա չի նշանակում, որ «երկիրը երկիր չի»: Դա նշանակում է, որ վարորդը դեռ այնքան ինքնակառավարում չունի, որ սպասում է, որ իրեն դրսից /վերևից/ կառավարեն: Նույն հաջողությամբ նա կարող վթարում մեղադրել անձրևը կամ մառախուղը:

Հիմա, եկեք այս վարորդը օրինակը տարածենք հասարակության մեջ մեջ, այսինքն` նույն վարքը վերագրենք այլ մարդկանց` ուսանողներին, ովքեր արտագրում են, քանի դասախոսը չի տեսնում, շենքի բնակիչներին, ովքեր ավտոտնակ կամ լրացուցիչ հարկ են կառուցում, քանի վերահսկող չկա, կաշառք պահանջող պաշտոնյային, ով այդպես է անում, քանի տեսաձայնագրող չկա, և այլն /նման օրինակներ դուք էլ գիտեք/:

Եզրակացություն
1. Նման մարդիկ մեծամասնություն են կազմում երկրում և նրանց պատճառով մեր հանրային կյանքը մարդանման չի: Սա իրականում սխալ եզրակացություն է, քանի որ նման մարդիկ մեծամասնություն չեն: Իսկ ճիշտ եզրակացությունն այն է, որ

2. Նման մարդիկ փոքրամասնություն են, բայց մեծամասնություն են այն մարդիկ, որոնց լուռ համաձայնությամբ վարորդը արագ է երթևեկում, ուսանողն արտագրում է, պաշտոնյան` կաշառք վերցնում, հարևանն էլ` վերնահարկ կառուցում: Այ այս լուռ մեծամասնությունն է անում այնպես, որ «երկիրը երկիր չի»:

Այդ մեծամասնությունը պետք է արատավոր երևույթների դեմն առնի, և դա անի այնքան ժամանակ, մինչև դա դառնա հանրային կյանքի ավանդույթ:
Իսկ հիմա ավանդույթ է չտեսնելը, չլսելը, չիմանալը, չմիջամտելը:
Է, էլ ինչու՞ եք զարմանում, որ պետությունն էլ է ապրում այնպես, ինչպես մեծամասնությունը` ոչ մի վատ բան չտեսնելով, չիմանալով ու դեմը չառնելով:

Հ.Գ. Այսպես լավ չի, բայց քիչ է մնում ասես` «Արդար ա, ժողովուրդ ջան, արդար ա»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել