Tert.am-ը գրում է.
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հետաքննական սարքեր տեղադրելու խնդրին: Հարցին, թե ըստ նրա Ադրբեջանը ի վերջո կհամաձայնվի դրան, և եթե ոչ՝ այդ դեպքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը անհրաժե՞շտ է, որ գնա ևս մեկ հանդիպման Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ, Կիրո Մանոյանն ասաց, որ թեև չի կարող ենթադրել Ադրբեջանը կտեղադրի այդ սարքերը, թե ոչ, սակայն կարծում է, որ նախագահը հաջորդ անգամ չի գնա հանդիպման, եթե դա չարվի:
«Ճիշտ է, Հայաստանն ասել է, որ մեր այդ ակնկալիքները նախապայման չեն, այսինքն, որ պետք է զինադադարը հարգվի, որ հետաքննական սարքերը տեղադրվեն, սակայն կարծում եմ, որ եթե շարունակվեն զինադադարի խախտումները, կամ ավելանան, նախագահը չի գնա որևէ հանդիպման»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ճնշում այս դեպքում կարող է գործադրել Մինսկի խումբը Ադրբեջանի վրա՝ այդ սարքերը տեղադրելու հարցում, Կիրո Մանոյանն ասաց.«Ճնշումը բանակցություններ կլինեն, ուրիշ ճնշման հնարավորություններ չկան: Այսինքն՝ հանդիպումներով կփորձեն համոզել Ադրբեջանին, որ նման քայլի գնա»:
Կիրո Մանոյանը նաև նշեց, որ չնայած դրան, որևէ կասկածի պատճառ չկա, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են, որ տեղադրվի այդ սարքերը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ միտում է տեսնում Ադրբեջանի վարած քաղաքականությունում, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն ասաց, որ Ադրբեջանը «սկզբում այդ սարքերի տեղադրմանը հակառակ հայտարարություն կատարեց, դրանից հետո այդ հակառակ հայտարարությանը հակառակ բաներ ասեց, այսինքն՝ հակասական բաներ են ասում: «Պետք չէ բացառել, որ կգնան այդ քայլին, սակայն ես չեմ հավատա, մինչև որ չգնան»:



