Tert.am-ը գրում է.
Վերջին մեկ տարում Թուրքիայի հարաբերությունները լավ չեն եղել գրեթե բոլոր երկրների կառավարությունների հետ, և Գերմանիայի Բունդեսթագի կողմից 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածները ցեղասպանություն ճանաչելը նշանակում է, որ Թուրքիայի և Գերմանիայի, որը «Անկարայի գրեթե միակ բարեկամն է Եվրոպայում» դիրքորոշումները հեռանում են: Նման վերլուծություն է հրապարակել Foreign Policy ամերիկյան պարբերականը:
«Էրդողանը, ով ներկա պահին այցով գտնվում է Քենիայում, հայտարարել է, որ գերմանացիների կողմից ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը «լուրջ ազդեցություն կթողնի կունենա Անկարայի և Բեռլինի հարաբերությունների վրա»: Իսկ ԱԳ նախարար Մեվլութ Չավուշողլուն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել` ակնարկելով գերմանական նացիզմի մասին», - գրում է ամերիկյան պարբերականը:
Հոդվածի հեղինակը ընդգծում է, որ գերմանացի պատգամավորների որոշումն ընդունվել է հատկապես դժվարին պահի, երբ Եվրամիությունը փորձում է աջակցել առանց այդ էլ կասկածելի ծրագրին, որի համաձայն` Թուրքիան պետք է հավելյալ փախստականների ընդունի` ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման դիմաց:
«Անկարան հույս ուներ, որ ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմը նախադրյալ կհանդիսանար ԵՄ անդամ դառնալու համար: Բայց այն, որ Անկարան ետ է կանչում իր դեսպանին Գերմանիայից, մի երկրից, որը գլխավոր առևտրային գործընկերն է և փախստականների մասին ծրագրի նախաձեռնողը, ըստ երևույթին, ամենահաջող քայլը չէ», - ընդգծում է հոդվածագիրը:
Միջազգային և ռազմավարական հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի վերլուծաբան Բյուլենթ Ալիրիզան պարբերականին հայտնել է, որ այժմ բարդ է կանխատեսել Թուրքիայի արձագանքը գերմանացի պատգամավորների կայացրած որոշմանը: Ըստ վերլուծաբանի` դեռ պարզ չէ, թե արդյոք Էրդողանը բախման կգնա Բեռլինի հետ, թե՝ ոչ: