Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի առաջին չորս ամիսներին Ռուսաստան թուրքական ապրանքների արտահանման ծավալը կրճատվել է 720 միլիոն դոլարով կամ 60 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Այդ մասին վկայել են Թուրքիայի վիճակագրական գործակալության (TÜİK) տվյալները։ Դրանց համաձայն՝ 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստան թուրքական արտահանման ծավալը կազմել է 485 միլիոն դոլար, մինչդեռ նախորդ տարվա առաջին չորս ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 1 միլիարդ և 205 միլիոն դոլար։

TÜİK-ի տվյալներով՝ միևնույն ժամանակ Ռուսաստանից Թուրքիա ներկրման ծավալը նվազել է 2 միլիարդ 531 միլիոն դոլարով կամ 33 տոկոսով՝ կազմելով 5 միլիարդ 77 միլիոն դոլար։
Ընդ որում՝ Ռուսաստանի հետ Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը 6 միլիարդ 402 միլիոն դոլարից նվազել է մինչև 4 միլիարդ 592 միլիոն դոլարի։

Զգալիորեն նվազել է թուրքական գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան՝ 302 միլիոն դոլարից մինչև 190 միլիոն դոլարի։ Տեքստիլ արտադրանքի արտահանումը 192 միլիոն դոլարից նվազել է մինչև 42 միլիոն դոլարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել