Լինելու է, չի լինելու, այսպիսի մի պատմություն է լինելու։
Քաղաքում մի հայտնի վարպետ ժամագործ է ապրելու, ով բացի ժամեր նորոգելուց զբաղվելու է նաեւ մարդկանց նորոգմամբ՝ մաս-մաս կամ ամբողջական, ինչպես նաեւ պատրաստելու է տարբեր մեխանիկական օրգաններ։
Օրերից մի օր նրա մոտ է գալու խելացի ծնողների մի զույգ․
-Ժամագործ, քեզ մոտ մի հարցով ենք եկել․ մեր տղան լավ չի լսում։ Խոսում ենք, ուշադրություն չի դարձնում, ասում ենք՝ ժամանակին տուն գա, չի լսում, ասում ենք՝ շուտ քնի, շուտ արթնանա, մեզ տան գործերում օգնի, աղջիկներով հետաքրքրվելու փոխարեն լավ սովորի, մտածի ապագայի մասին, քույրերի եւ եղբայրների հետ ավելի շատ շփվի, կրկին չի լսում։ Երեւի ականջները փչացել են, նոր ականջներ ենք ուզում։
Եւ վարպետը զարմացած հարցնելու է՝ ինչու հենց տղայի ականջները նորոգելու չեն բերում, եւ ծնողները պատասխանելու են, թե միանգամայն վստահ են, որ նույնիսկ նորոգելու համար տղայի սեփական ականջները պիտանի չեն․ չէ՞ որ տղան միշտ ամեն բանում լսել է իրենց, եւ եթե ականջները թեկուզ մի փոքր սարքին լինեին, այդպես չէր վարվի խելացի ծնողների հետ։
Եւ վարպետը տղայի համար հիասքանչ մեխանիկական ականջներ է պատրաստելու, եւ փոխելու են տղայի շարքից դուրս եկած ականջները։ Եւ տղան սկսելու է ծնողներին շատ պարզ ու հստակ լսել․ ժամանակին տուն է գալու, օգնելու է ծնողներին, ընկերներին հանդիպելու փոխարեն քույրերի եւ եղբայրների հետ է օրն անցկացնելու։ Սակայն այս ամենը լինելու է ականջների պես մեխանիկական։
Եւ երբ ծնողները զգալու են, թե ինչքան է տղայի միջից կյանքը դուրս եկել, հետ են գալու վարպետ ժամագործի մոտ․
-Ժամագործ, մեր տղան ամեն բան անում է այնպես, ինչպես մենք ենք ասում, սակայն նրա հետ մի բան այն չէ, եւ մենք չենք հասկանում, թե ինչ։ Գուցե մեր ուղեղները փչանում են, եւ մենք պետք է նրանց նորոգելու տա՞նք, որպեսզի հասկանանք տղային։
Եւ վարպետ ժամագործը, ով իրականում ավելի խելացի էր, քան խելացի ծնողները, նրանց պատասխանելու է, որ մեխանիկական ականջներով տղային հասկանալու համար ծնողները ոչ թե պետք է նորոգեն իրենց ուղեղները, այլ ամբողջությամբ հանեն եւ փոխարինեն մեխանիկական ուղեղներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել