Երբ բանը հասնում է իշխանություններին քննադատելուն ու համակարգային խնդիրների մասին բարձրաձայնելուն, մեր ընդդիմության առավել հաճախ օգտագործվող մեղանդրանքներից մեկն այն է, որ այս իշխանությունները կլանային համակարգ են ստեղծել ու դրա առանձին ներկայացուցիչները՝ ամենքն իր մակարդակում, փորձում են համակարգում յուղոտ պաշտոններն ու դիրքերը իրենց խնամի-ծանոթ-բարեկամներով լցնեն։
Ի՞նչ խոսք, միանգամայն արդարացի դիտարկում է, որը ուղղակիորեն արտացոլում է մեր պետական համակարգի վիճակը, սակայն ըստ իս, դա չէ ամենասարսափելի խնդիրը։ Ես ավելի մեծ խնդիր եմ տեսնում նրանում, որ ընդդիմության միակ տարբերությունը իշխանություններից կայանում է նրանում, որ ի տարբերություն իշխանությունների՝ ընդդիմադիրները զրկված են այդ լծակներից ու չեն կարողանում իրենց ԽԾԲ-ական կապերն իրացնել։ Այլ կերպ ասած՝ խնդիրը նրանում է, որ ընդդիմություն ասվածը չի ուզում փոխել համակարգը, այլ ուզում է փոխարինել ու զբաղեցնել այդ համակարգի դերակատարների տեղերը։
Պարզ օրինակ բերեմ․ Էդմոն Մարուքյանը հայտարարել է նոր ընդդիմադիր կուսակցության՝ «Լուսավոր Հայաստանի» ստեղծման մասին, որը իբր եվրոպական արժեքներ պետք է քարոզի ու հանդես գա, որպես այլընտրանք՝ թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմադիր դաշտի այլ թիմերի։ Մարդն անգամ ընտրական օրենսգրքին է դեմ, այ այդքան ընդդիմադիր է։ Բարի, դեմ չեմ։ Բայց ինչո՞ւ է Մարուքյանը իր նորաբաց կուսակցության համար նշանակալից կարևոր ընտրական առաջին իսկ իրադարձությունում փոխառում հենց այն արատավոր մեխանիզմը, որից դժգոհում են բոլորը։ Ինչո՞ւ է Մարուքյանը ՀՀ --րդ քաղաք հանդիսացող Վանաձորում առաջադրում յուր եղբորը՝ որպես կուսակցության թեկնածում։ Մի՞թե Մարուքյանի կուսակցությունում վերջին հույսն ու ապավենը մեկ այլ Մարուքյան էր։ Մի՞թե թիմում չկան այլ պատրաստված կադրեր։ Մի՞թե Մարուքյանը չի հասկանում, որ եթե անգամ իր եղբայրն օբյեկտիվորեն էլ ամենաուժեղ կադրն է իր թիմի, միևնույն է, նրա թեկնածության առաջադրումը վնասից բացի օգուտ չի բերելու, որովհետև ակամայից նույնականացնելու է Մարուքյանի կիրառած մեխանիզմները՝ գործող համակարգում առկա մեխանիզմների հետ։
Այնպես որ, մոտս տպավորություն է, որ հերթական անգամ գործ ունենք արդեն ավանդական դարձած իրավիճակի հետ, երբ «գողը» առաջինն է գոռում․ «Բռնե՛ք գողին»։