Tert.am-ը գրում է.
Հայաստանում գազի գինը սպառողի համար նվազել է մաքսիմալ հնարավորությամբ: Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե հնարավոր չէր ավելի շատ նվազեցնել, հայտարարեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
«Սակագինը հաստատողը հանձնաժողովն է, ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն: Այո, մենք ենք հայտով դիմել, մենք առաջարկը ներկայացրել ենք, և եթե այն հիմնավոր չլիներ, ապա չէր հաստատվի: Հանձնաժողովում աշխատում են բանիմաց ու գրագետ մարդիկ։ Իրենք էլ են հասկանում, որ դա է մաքսիմալը: Ինչ արվել է՝ դա է մաքսիմալը»,- նշեց Վարդան Հարությունյանը:
Հարցին, թե ինչու «Գազպրոմ Արմենիա»-ն հենց հիմա գազի գնի նվազեցման հայտ ներկայացրեց, երբ տևական ժամանակ է այդ ուղղությամբ բանակցություններ վարվում էին, Հարությունյանը պատասխանեց, որ բանակցությունները ինքը չի վարում, այլ՝ կառավարությունը, ուստի պատասխանել չի կարող:
Գազի սակագնի ձևավորման վրա, Հարությունյանի խոսքով, բազմաթիվ գործոններ են ազդում, որոնց թվում պահպանման ու շահագործման ծախսերն են, ներդրումները, որոնք պետք է արվեն, որպեսզի «վաղը մյուս օրը մեր սերունդներն ունենան հուսալի գազամատակարարման համակարգ»:
«Էսօր մենք 50 տարվա խողովակ ունենք, մենք չե՞նք ուզում կառուցել, բան չանե՞նք»,- նշեց նա:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրենի խոսքով՝ եթե ունենանք արտադրական հզորությունների աճ, ապա կունենանք գազի սակագնի նվազում: Վարդան Հարությունյանն ասաց, որ քանակի ավելացումը կհանգեցնի ծախսերի կրճատման ու գնի նվազեցման:
«Եթե կլինի համապատասխան առաջարկ՝ արտադրական հզորությունների ավելացման հետ կապված, մենք պատրաստ ենք քննարկել, հատուկ առաջարկ կանենք, օրինակ, այլ սակագներով գազ կմատակարարենք, եթե կարողանանք մեծ ծավալի գազի սպառում ապահովել: Դրանից կօգտվի ոչ միայն ընկերությունը, այլև՝ սպառողը»,- հավելեց նա:



