ՄԻԱԿ քարտուղար |
Իմ մոտ բյուրեղացած կարծիք կա, որ շատերին ուղղակի չեն հետաքրքրում այն ձեռքբերումներն ու հաջողությունները, որ մեր երկիրը կարող է արձանագրել տարբեր ոլորտներում և համաշխարհային զարգացման գործընթացներում: Երբ որևէ հեղինակավոր միջազգային կառույց և վարկանիշային գործակալություն հրապարակում են տվյալներ, որոնց համաձայն կոնկրետ բնագավառում նախորդ տարվա համեմատությամբ արձանագրել ենք նշանակալի առաջընթաց, մեկ էլ կարող է պարզվել, որ այդ կազմակերպությունը կաշառված է կամ բնավ էլ հեղինակավոր չէ, նույնիսկ միջազգային էլ չէ, քանի որ նրա գրասենյակը գտնվում է Երևանում: Արդյունքում` այնքան են «քացու տակ» գցում այդ «առաջընթացը», որ դրանից ոչինչ չի մնում: Բայց փոխարենը` բոլոր հնարավոր ու անհնարին, բարոյական և ոչ բարոյական մեթոդներով թմբկահարում են որոշ շատ աննշան ձախողումներ: Այս երևույթը մասնագիտական գրականությունից հայտնի է որպես մանիպուլյացիա կամ շեշտադրումների նենգափոխում միակողմանի համակարգային նիհիլիզմի տարրերով («տերմինախեղդության» համար ներողամտություն եմ հայցում): Բերեմ կոնկրետ օրինակներ` բիզնես միջավայրի բարելավման ինդեքսը այս տարի զգալիորեն աճել էր, բայց այն տարբեր՝ հիմնականում քաղաքական ծագում ունեցող խմբերի կողմից հանրությանը ներկայացվեց ավելի շատ որպես ձախողում: Վստահ եմ, որ նույն տենդենցն է արտահայտվելու մի քանի ժամ առաջ «Լրագրողներ առանց սահմանի» հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից մամուլի ազատության ինդեքսի բարելավման տվյալների առնչությամբ (համեմատության համար փաստեմ, որ այն լավագույնն է մեր տարածաշրջանում): Կարող եմ այս ցանկը երկար շարունակել, բայց դրանից տպավորությունը հաստատ չի փոխվի: Հետևությունը մեկն է. կան մարդիկ, ցավոք, նաև կարծիքի առաջատարներ, ովքեր չեն հետաքրքրվում այս կարգի հաջողություններով ու ձեռքբերումներով, կամ որը նույնն է պատրաստ են մինչև վերջ նսեմացնել ու հողին հավասարեցնել դրանք, քանի որ այդ ամենը խանգարում է նրանց ինքնահաստատվել ու սեփական անիմաստ թեզերը պաշտպանել:
Հ.Գ. Ասվածը որևէ դեպքում չի կարող ընկալվել որպես դեմարշ բազմակարծության դեմ: Բազմակարծությունը, անհամաձայնության իրավունքը մեր բացառիկ նվաճումներն են, որոնք պետք է պահենք ու փայփայենք: