Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, խստորեն քննադատելով Թուրքիան միանձնյա ղեկավարելու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը, հայտարարել է, որ «Թուրքիան վերածվել է մեկ մարդու պետության»: Այս մասին հայտնում է գերմանական Welt am Sonntag թերթը:

«Էրդողանի նպատակն արագորեն իրեն ուժեղացնելն է: Թուրքիայում որոշում ընդունելու մեխանիզմը մեկ մարդու մենատիրության տակ է: Դա անընդունելի է», -ասել է Եվրախորհրդարանի նախագահը:

Անդրադառնալով փախստականների վերաբերյալ Եվրամիություն-Թուրքիա համաձայնության շրջանակում Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ մուտքի ազատականացման հարցին՝ Մարտին Շուլցն ասել է.

«Թուրքիան մինչ այժմ չի կատարել վիզայի ազատականացման համար կարևոր չափանիշները: ԵՄ-ն Անկարայից պահանջում է փոփոխություններ կատարել անձնական տվյալների պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի օրենքներում: Թուրքական խորհրդարանում անհապաղ պետք է սկսվեն այդ օրենքների փոփոխության հարցում քննարկումները: Սակայն, եթե դա տեղի չունենա, եվրոպական կառույցները չեն կարող համապատասխանել այդ հարցում հետևելիք ճանապարհային քարտեզին: Այդ ժամանակ հնարավոր չի լինի, ինչպես ծրագրվել է` հոկտեմբերին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել