Սիրելի Blog News -ի բաժանորդներ:
Ես Նանա Մանուկյանն եմ` նորաստեղծ «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը: Երկու հրաշք հայորդիների մայր եմ: Երկու տարի առաջ ծնված ու հրաշքով փրկված կրտսեր որդիս սուր թթվածնային քաղցի հետևանքով այժմ տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Երկու տարի է արդեն ամեն օր ու ժամ պայքարում ենք այս բարդ հիվանդության հետ` ներդնելով մեր ողջ ֆիզիկական, հոգեբանական ու ֆինանսական հնարավորությունները: Փառք Աստծո, ամուսինս իր աշխատանքով բավարարում է բոլոր կարիքները: Սակայն ամեն օր առնչվում եմ այնպիսի ծնողների հետ, որոնք, օր ու գիշեր աշխատելով, չեն հասցնում իրենց հաշմանդամ փոքրիկներին ապահովել համապատասխան թերապիայով և կենցաղային պարագաներով:
2012 թվականի դեկտեմբերին հիմնադրեցի «Հայ մայրեր» ՀԿ-Ն, որը կարճ ժամանակում ֆեյսբուքյան մեր էջում միավորեց նույն խնդիրն ունեցող շուրջ 1350 մայրերի և ուղղակի մարդասեր մարդկանց: Նամակներ եմ ուղարկել մեր բոլոր հայտնի գործարարներին և պետական պաշտոնյաներին` հուսալով, որ կօգնեն հաշմանդամ փոքրիկներին՝ վերականգնողական բուժման համար միջոցներ տրամադրելով: Պետությունը անվճար տրամադրում է տարվա մեջ 2 անգամ մեկ ամիս տարբեր վերականգնողական թերապիաներ, սակայն դա չափազանց քիչ է, որպեսզի այս երեխաները ոտքի կանգնեն: Իմ ծրագիրը, ֆինանսավորման դեպքում, նախատեսում է այս փոքրկներին ուղարկել նաև հիպոթերապիայի (ձիաբուժության) և հիրոթերապիայի (ջրաբուժության), որոնց թերապևտիկ հատկությունները հայտնի են դարեր ի վեր: Ստանալով լիարժեք վերականգնողական բուժում՝ այս փոքրիկները ավելի արագ կվերականգնվեն և կապրեն լիարժեք կյանքով: Արդեն այսօր է անհրաժեշտ մտածել մեր երկրի վաղվա օրվա մասին, որպեսզի տարիներ հետո առողջ և սայլակներին գամված հաշմանդամների թիվը չհավասարվի…
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր համաձայնվել են մասնակցել մեր «Մի գավաթ սուրճի փոխարեն» բարեգործական ակցիային, և ամեն ամիս 1000-3000 դրամ փոխանցել մեր հաշվեհամարներին: Յուրաքաչյուր լուման ծախսվելու է հաշմանդամ փոքրիկների համար:
Բոլոր բարերարների անունները նշվելու են մեր էջում, շուտով նաև կայքում:
Շնորհակալ եմ բոլոր մայրերի և փոքրիկների անունից…

Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել