Tert.am-ը գրում է.

2015թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարցրեց հայկական երկաթուղիների վիճակից:


Նա նշեց, որ  կոնցեսիայով այն տրամադրվեց ռուսական երկաթուղիներին, և այդ ժամանակ օգուտով էր աշխատում: «Հիմա մենք երկաթուղին դարձրել ենք ուղևորափոխադրո՞ղ, թե՞ բեռնափոխադրում իրականացնող: Եթե իմ հիշողությունը չէր  դավաճանում, երբ կոնցեսիայով փոխանցում էինք, ունեինք  տեխնիկական լուրջ բազա՝ 4000-ից ավելի վագոն, հիմա 100-ն է իմ իմացած տեղեկությամբ»,- ասաց նա:


Փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ իրենց պարտավորությունն է ուղևորափոխադրումների վնասները փոխհատուցել: «2015թ-ին շուրջ 19%-ով նվազել է բեռնափոխադրման ծավալը: Բայց կարող եմ նշել, որ չնայած դրան պարտավորությունների կատարման մասով Հարավկովկասյան երկաթուղին 102%-ով կատարել է ստանձնած ներդումային պարտավորությունները, ինչը դրական անդրադարձ է կատարել տեխնիկական ցուցանիշերի վրա, մասնավորապես՝ տեխնիկական անվտանգության ցուցանիշերի, միջին արագության  ցուցանիշի, օրինակ կարող եմ բերել, որ 25կմ/ժամ արագությունը հասցրել են շուրջ 40 կմ/ժամի և այլն»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է վագոններին, ապա, ըստ նրա, դրանք հանձնվել է ռուսական կողմին։ «Բայց դրանք հիմնականում եղել են  հնամաշ և ընկերությունը  ձեռք է բերել նոր շարժակազմ, վագոններ»,-ասաց նա:


Փոխնախարարը նշեց, թե պետք է քննարկել ներսի փոխադրումները, քանի որ « երկրից դուրսը հաստատվում է համապատասխան երկաթուղիների խորհրդի միջոցով»:

«Բոլորը հավաքվում են ու հաստատում են սակագինը: Իսկ ներսում, քանի որ ցանցը կարճ է, համադրելի չեն ՌԴ-ի ու ՀՀ-ի երկաթուղային փոխադրումները: Եթե նույն ՌԴ-ում 200 կմ-ից պակաս պատվիրեք՝ կմերժեն, քանի որ կարճ հատվածների վրա փոխադրումներ չեն իրականացնում: Հիմա մեր իրողությունը սա է»,- ասաց նա։


Այվազյանը հեգնեց. «Ես ներողություն եմ խնդրում պարոն Առաքելյանից, երևի իմ ինֆորմացիան սխալ է, մեր երկաթգիծը բարգավաճում է»: Նա նշեց, թե ինչ ասում են, սվիններով է ընդունում:


Առաքելյանը պաշտպանվեց. « Բացարձակ, իհարկե խնդիրներ կան, ես էլ Ձեր չափ մտահոգ եմ, եկեք միասին նստենք քննարկենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել