«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ այս ընտրություններին իշխանությունը դիտավորյալ մեկուսացրել է օլիգարխներին ու քրեական էլեմենտներին ձայնահավաք աշխատանքներից։ Այսքանով համաձայն եմ թերթի հետ, բայց համաձայն չեմ ՉԻ-ի տրամաբանության հետագա զարգացման հետ, որ փոխարենը ներգրավվել են ՏԻՄ մարմինների ներկայացուցիչները, գործարկվել են կեղծիքների ու ահաբեկումների նոր մեխանիզմներ ու ընդհանրապես, ընտրությունները կեղծվելու են...
Հարգելիներս, հոգնեցրիք արդեն ձեր միևնույն հռետորիկայով։ Այո՛, անկասկած կլինեն որոշ խախտումներ, այո՛, ինձ էլ դուր չի գալիս ներքաղաքական դաշտում ստեղծված նոր իրականությունը, բայց պետք չէ ամեն ինչի մեջ բացառապես վատը գտնել։ Այս տարօրինակ ընտրությունները շանս են ընձեռել աննախադեպ փոփոխություններ իրականացնելու, ու եթե ինչ-ինչ դրդապատճառներով հիմա մեկուսացնում են օլիգարխներին ու հանցագործներին այս կարևորագույն գործընթացից, դա ամեն դեպքում լավ է, որովհետև ընտրություններից հետո իշխանությունները և հատկապես նախագահը ավելի քիչ պարտավորված կլինեն նույն այդ էլեմենտներին, եթե չասեմ, որ ընդհանրապես չեն լինի, ինչը կսասանի նրանց դիրքերը իշխանական բուրգում։
Ինչ վերաբերում է կեղծելուն. հարգելիներս, ինչի՞ կեղծեն։ Որ չկեղծեն, Սերժը պարտվելո՞ւ է։ Եկեք մի պահ կտրվենք նախընտրական հռետորիկայից ու չընկնենք քաղաքական ինֆանտիլիզմի գիրկը։ Որքան էլ ես չընտրեմ Սերժին, միևնույն է, ակնհայտ է, որ միայն լեգալ իշխանական ռեսուրսն ու հոգեբանական գործոնն արդեն իսկ բավական են, որպեսզի ապահովվի քվորումն ու բավարար քանակությամբ ձայները...
Մեկ էլ մի երկու խոսք տեղական ՏԻՄ մարմինների ներգրավման վերաբերյալ։ Հարգելիներս, դա նորմալ ու համընդհանուր կիրառվող պրակտիկա է, որը ո՛չ Հայաստանով է սահմանափակվում, ո՛չ էլ Հայաստանում է սկսվել։ Օրինակ Ձեզ ի՞նչ է թվում, ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատ ու հանրապետական նահանգապետերը ամենևին չէի՞ն օգտվու իրենց իշխանական լծակներից, որպեսզի օգնեն Օբամային ու Րոմնիին։
Կրկնում եմ, սա պատմական շանս է, ու եթե իշխանությունները քաղաքական կամք ու համարձակություն դրսևորեն, ապա հույս կա, որ մեր քաղաքական դաշտն ու հասարակությունը գոնե մի՜ քիչ, բայց ավելի առողջ կլինեն վաղը։
Կից նյութն`այստեղ