Ընդհանրապես, բոլոր ժամանակներում բոլոր քաղաքական ու զինվորական գործիչներն ունեցել են ինչպես հակառակորդներ, որոնք վարկաբեկել են, այնպես էլ համախոհներ, որոնք մեծարել են․․․ Սա բնական երևույթ է, և ամբողջ աշխարհում այն կիրառվում է։ Բայց եթե այլ երկրներում, ասենք ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում․․․ քիչ ավելի զգուշորեն են խոսում հակառակորդների մասին՝ գերադասելով հիմնականում ծավալվել փաստերի շուրջը, քանզի զրպարտության համար կարող են շատ թանկ գին վճարել, ընդհուպ մինչև մի քանի տարի ազատազրկում, ապա մեր երկրում վարկաբեկման երևույթն ուղեկցվում է գռեհկությամբ ու կեղծ ոգևորությամբ, ընդ որում վարկաբեկողները հասարակության մեջ հայտնի նախկին խաբեբաներ ու <<գործ>> սարքող կամակատար միջնորդներ են։ Երբ հակառակորդները ոչ մի քննադատական բան չգտան Հռոմեական զորավար Պոմպեսի գործունեության դեմ, սկսեցին նրան <<մեղադրել>> այն բանի համար, որ նա մատերով է հարդարում մազերը․․․ Եվ շատերը զարմանում էին․ <<Ինչպես կարող է այդքան լուրջ մարդը մազերը մատերով հարդարել․․․>>։ Ինչևէ։ Լուրջ և ազնիվ քաղաքական գործիչը խոսում է իր ծրագրերից և նպատակներից, նա չի կարող բամբասել, զրպարտել, քանզի բամբասանքով ու անհիմն մեղադրանքներով զբաղվում են նրանք, ովքեր ոչ գաղափար ունեն, ոչ ծրագիր, ոչ էլ ցանկություն՝ երկրի համար ինչ-որ լավ բան անելու։ ԵՎ հենց այդ պատճառով էլ նրանց մնում է միայն բամբասանքը, զրպարտանքը և իրենց չարած <<քաջագործությունների>> մասին շարունակ ճամարտակելը․․․ Պաշտոնական ծառայությունը չի կարող բացահայտել մարդու իսկական էությունը, թեև աշխատանքի մեջ երևում է մարդու պատասխանատվությունը իր կատարած գործի նկատմամբ։ Այնուամենայնիվ, կաշկանդված լինելով ինչպես զուտ պաշտոնական պարտականություններով, այնպես էլ վերադասի հսկողությամբ, պաշտոնյան պարզապես չի կարող լիարժեք դրսևորել իր իսկական արժանիքները։ Հենց այդ պատճառով էլ մարդուց հիասթափվել կամ վարկաբեկել նրան միայն այն պատճառով, որ նա ժամանակին պաշտոն է զբաղեցրել և ոչինչ չի արել պետության համար, նույնքան մոլորեցուցիչ է, որքան այն, երբ որևէ մեկին պաշտոն են առաջարկում ժամանակին կատարած հերոսության համար լինի պատերազմի դաշտում, թե մի այլ հանգամանքներում․․․ <<Նույնիսկ հերոս դառնալու պետք է բախտ ունենալ>>,- ֆրանսիական ասպետի այս խոսքերը բավական խոսուն են․․․ Այնպես որ, նախ և առաջ պետք է լսել մարդուն, պետք է ձգտել հասկանալ նրան, և գլխավորը, մարդուն պետք է հնարավորություն տալ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: