Մի աշնանային առավոտ էր, երբ ինչ-որ անծանոթ նյարդային քայլում էր բանկի ներսում:
-Պարոն Օլլիլան երբեք չի ուշանում,-ներսից լսվեց քարտուղարուհու ձայնը, որից հետո բացվեց դուռը:
-Բարի առավոտ, թույլ տվեք ներկայանալ, Յորմա Օլլիլա, «Citibank»-ի հաշիվների բաժնի ղեկավար: Ինչո՞վ կարող եմ օգնել Ձեզ: Եվ Օլլիլան մեկնեց ձեռքը:
-Կարի Կաիրամո, «Nokia» ընկերություն,- ասաց անծանոթն ու սեղմեց մեկնած ձեռքը:
Այս առավոտն էր, որն իսկապես շրջադարձային եղավ աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի համար: Ահա այդ ժամանակ էր, որ լոնդոնյան բանկի մասնաճյուղում հանդիպում էին «Nokia»-ի անցյալն ու ապագան: «Citibank»-ն ու «Nokia» ընկերությունը համագործակցում էին իրար հետ, քանի որ ընկերության հաշիվները գտնվում էին այդ բանկում: «Nokia»-ի հետ աշխատում էր «Citibank»-ի երիտասարդ մենեջեր Յորմա Օլլիլան: Իսկ «Nokia»-ի գլխավոր տնօրենն էր Կարի Կաիրամոն, ում մասին ասում էին, որ շատ խարիզմատիկ լիդեր էր: Օրինակ՝ նա բողոքի ցույցի էր դուրս ելել այն բանի համար, որ թույլ տան ընկերության ապրանքներն արտահանել ինչպես ԱՄՆ, այնպես էլ ԽՍՀՄ: Նրա այդ քայլից, գործարանից դուրս են գալիս «Nokia»-ի բոլոր աշխատակիցները, ու կառավարությունը ստիպված թողնում է արտահանել ապրանքները նաև Սովետական Միություն:
Կաիրամոն պետք է հեռանար ընկերությունից և նրան դուր էր գալիս Օլլիլայի պրոֆեսիոնալիզմը, սկսնակ բանկիր, ով սիրում էր դիմել ռիսկի: «Նա ի ծնե լիդեր է, իսկ «Nokia»-ին հենց այսպիսի մարդ է պետք»,-այսպես մտածելով` Կաիրոմոն գնաց «Citibank»: Հարվավոր էր հետնորդ գտնել, որն էլ եղավ:
Ինչպես հաջողվեց Կաիրոմոյին համոզել Օլլիլային, անհայտ է, սակայն սկսնակ բանկիրը միանգամից դառնում է «Nokia»-ի փոխնախագահ, բջջային հեռախոսների բաժանմունքի ղեկավար, ով վերահսկում էր ողջ ֆինանսական միջոցները: Հիմա ներկայացնեմ մինչև այս պահը, թե ինչ ընկերություն էր «Nokia»-ն, և ինչ պատահեց, որ նա դարձավ բջջային շուկայի արքան, չնայած այս պահի դրությամբ կարելի է ասել կոտրված թագով, քանի որ «Apple»-ն արդեն վաղուց այդ շուկայի առաջատարն է, սակայն շատ հետաքրքիր է, թե ինչպես «Nokia»-ն դարձավ շուկայի լիդերը, ի՞նչ քայլերի շնորհիվ:
«Nokia» ընկերության պատմությունը սկսվում է 1865 թվականից, երբ ֆին ինժեներ Ֆրեդերիկ Իդեստամը Նոկիա գետի մոտ կառուցում է իր փայտամշակման գործարանը: Հենց այս գետի անունով էլ գործարանն անվանում է «Nokia»: «Nokia»-ն սկսեց զբաղվել թղթի արտադրությամբ, որի պահանջարկը գնալով մեծանում էր զարգացած երկրներում: Շուտով այս ընկերության կողքին հայտնվում են նաև ռետինե ապրանքներ արտադրող «Finnish Rubber Works»-ը և հեռախոսալարեր արտադրող «Finnish Cable Works»-ը: Այս երեք ընկերությունների ղեկավարները կարողանում են համաձայնության գալ, միավորվել, որի արդյունքում ծնվում է «Nokia Corporation»-ը: 1930-ականներին «Nokia» բազմապրոֆիլ ընկերություն էր, որի հենց այդ վիճակը թույլ տվեց դիմանալ ճգնաժամներին, քանի որ նա ուներ մի քանի բիզնես ուղղություններ:
«Nokia»-ն արտադրում էր ամեն ինչ, այն առկա էր բազմաթիվ բիզնեսներում, սակայն ամեն ինչ փոխում է մի թեթև իրադարձություն: Ամեն ինչ սկսվում է 1988 թվականից, երբ ընկերությունը գնում է Ericsson ընկերության տվյալների բազայով զբաղվող բաժինը, որից հետո «Nokia»-ն դառնում է տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններից մեկը: 1989 թվականին բոլոր բջջային հեռախոսները շատ ծանր էին, իսկ «Nokia»-ն առաջինը գիտակցեց, որ լավ վաճառքի համար հարկավոր է տարբերվել, այսինքն, եթե բոլորը ծանր են արտադրում, ապա կարելի է թողարկել փոքր ինչ թեթև հեռախոսներ: Այս քայլը թույլ է տալիս ահագին շուկայի մաս գրավել: Ընկերության ղեկավարությունը կամաց-կամաց սկսեց ուշադրության կենտրոնում պահել այս ոլորտը:
Նշեմ, որ մինչև Օլլիլայի գալը «Nokia»-ն զբաղվում էր հեռուստացույցի, արբանյակյային սարքավորումների, մեքենաների անվադողերի, թղթի, ռետինե սարքերի ու խողովակների արտադրությամբ: Որքան էլ որ զարմանալի էր, բջջային հեռախոսները զբաղեցնում էին ընկերության բիզնեսի 20% մասնաբաժինը: Ոչ ոք չէր էլ պատկերացնի, որ մի մարդ կարող է փակել բոլոր արտադրական բաժիններն ու կենտրոնանալ մեկ ոլորտի վրա: Բայց այդպես եղավ ու Օլլիլան դարձավ իսկապես թոփ-մենեջմենթի լավագույն օրինակներից մեկը, սակայն նրա թույլ տված սխալներին դեռ կանդրադառնամ: Հենց Օլլիլայի հրամանով է, որ «Nokia»-ն որոշում էր փակել բոլոր ուղղվածությունները, բացի բջջային հեռախոսներից:
Օլլիլան այն մարդն էր, ով դարձավ «Nokia»-ի հաջողության հիմքը, ով հետագայում պատմում էր.
-Իմ ղեկավարությունն ինձ ասաց, քեզ տալիս ենք բջջային հեռախոսի բաժինը և 6 ամիս ժամանակ, որպեսզի մեզ ասես՝ զարգացնե՞նք, թե՞ վաճառենք այն: 4 ամիս հետո ես մոտեցա ղեկավարներին և ասացի, որ այս բաժինը չպիտի վաճառվի, այն դառնալու է մեր հիմնական բիզնեսը:
1992 թվականին Օլլիլան դառնում է «Nokia»-ի գլխավոր տնօրենը, ով փակում է բոլոր բաժինները, բացի բջջային հեռախոսներից: Ցնցվում է ֆիննական ամենամեծ ընկերությունը, որտեղ լուրջ փոփոխություններ էին տեղի ունենում: Իսկապես լուրջ խարիզմա, ինքնավստահություն և հավատ էր պետք այս քայլի համար: Բայց Օլլիլան հավատում էր բջջային հեռախոսների ուժին, այնպես որ ամեն ինչ սկսվում է:
Առաջին քայլը, որ նա կատարեց, դա այն էր, որ անիմաստ ոչ մի աշխատակից չպիտի լիներ, բոլորը պետք է իմանային իրենց հստակ ֆունկցիաները և սկսվեցին զանգվածային հեռացումներ:
Երկրորդ քայլը, որ եղավ, դա պատիժն էր, այսինքն յուրաքանչյուր սխալ ունենում էր պատիժ, իսկ ճիշտ քայլերն ու որոշումները պարգևատրվում էին, որոնք կամ մեծ ֆինանսական օգնություն էր, կամ այլ սոցիալական բնույքի քայլ, օրինակ՝ ընտանիքով ճամփորդություն:
Երրորդ քայլը, աշխատանքի ընդունել միայն նրանց, ովքեր պիտի լինեին բաց, և ունենային բարձր որակավորում: Այստեղ պահանջվում էր միայն լուրջ մասնագետ, ով ուներ հսկայական փորձ և կարող էր համապատասխանել շուկայի պահանջներին՝ անընդհատ կատարելագործում:
1992 թվականին Օլլիլան գումարում է ժողով, որտեղ ասում է.
-1999 թվականին մենք պետք է վաճառած լինենք 50 մլն բջջային հեռախոս, դա մեր տեսլականն է: Պետք է հասնենք այդ արդյունքին, իսկ թե ինչպես, ես կասեմ, դիզայնի ու նորարարության շնորհիվ:
Ի դեպ, 1999 թվականին «Nokia»-ն արդեն վաճառել էր 250 մլն հեռախոս: Nokia-ն գերազանցեց իր նպատակը, որի ետևում կանգնած էր մի մարդ՝ Յորմա Օլլիլա, ում կատարած քայլերը կներկայացնեմ արդեն երկրորդ մասում:
Շարունակելի…