Հայաստանի զարգացման և տնտեսական առաջընթացի ճանապարհին կան ծառացած մարտահրավերներ: Այդ խնդիրների հանգուցալուծումը պետության համար դարձել է անհրաժեշտություն: Մասնավորապես, նման խնդիրների շարքում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցին և տեսանելի քայլեր ձեռնարկել կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարի հարցում:
Պետական համակարգում կոռուպցիայի և հովանավորչության համար ամենառիսկայիը պետական գնումների ոլորտն է: Գնումների համակարգում ռիսկերի նվազեցման տեսանկյունից ամենակարևորը գնումների գործընթացի տարբեր փուլերում առավելագույն չափով թափանցիկության ապահովումն է: Եվ հենց այս ուղղությամբ արդեն իսկ քայլեր են նախանշվում, որի մասին վկայում է նաև ֆիննախարարությանը տրված հանձնարարականը` գնումների գործընթացում թափանցիկությունը բարելավվելու վերաբերյալ:
Նախատեսվող գործընթացի շրջանակում յուրաքանչյուր հետաքրքրվող անձ հնարավորություն կստանա էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել գնումների գործընթացի արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձնման ակտերը, կատարողական ակտերը, հաշիվ-ապրանքագրերը: Ավելին, գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվություններում ներկայացվելու են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, ինչը հնարավորություն կտա գմումների գործընթացի նկատմամբ իրականացնել հանրային վերահսկողություն: Արդյունքում ցանկացած շահագրգիռ կողմ` ներառյալ ԶԼՄ-ների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, կկարողանա մանրամասն տեղեկանալ ու վերլուծել գնումների գործընթացը:
Ամփոփելով նշենք, որ գնումների համակարգում թափանցիկության գործընթացի ներդրումը կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու համար կարևոր քայլ է, սակայն ոչ բավարար: Անհրաժեշտ է լուծումներ գտնել նաև այլ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: