Բանակին նվիրված միակ գործս։ Գրվել է մի տարի առաջ։
Անհայտ զինվորի օրագիր
1992թ., հուլիս 28, Մարտակերտ
Բարև, տղե՛ս։
Ասում եմ՝ տղես, ու հասկանում, որ արդեն տղամարդ ես: Էսօր դարձար 6 ամսական: 6 ամսական, որն իր փոքիկ ձեռքերով մեծ խնդիրներ է լուծում, 6 ամսական, որ ծնված օրվանից պայքարում է արևի տակ իր տեղն ունենալու համար: Գիտես՝ հպարտ եմ քեզնով, հպարտ եմ, որովհետեև գիտեմ, որովհետև հավատում եմ… Հավատում եմ, որ ինչքան էլ հեռու լինեմ, մի օր կլսեմ քո մասին ու կժպտամ, կժպտամ ու կգոռամ ուրախությունից, ճիշտ այն օրվա պես, երբ լույս աշխարհ եկար: Տղերքն ասում են, որ դու մեծ մարդ կդառնաս, որովհետև ծնվել ես նույն էն օրը, ինչ մեր բանակը: Իսկ ի՞նչ է բանակը: Բանակն ամեն մեկի մտքում է. էդ իր սենյակն է, իր տունը, իր բակը, ու երբ տարբեր տեղերից տարբեր մարդկանց սենյակներ, տներ, բակեր հավաքվում են մի տեղ, էդ դառնում է հայրենիք, դառնում է ոչ թե այն տարածքը, որը զբաղեցնում են սենյակը, տունը, բակը, այլ դառնում է գաղափար, գաղափար, որն օգնում է հասկանալ, որ պատասխանատուն ես ինքդ քո, կողքինիդ ու հայրենիքիդ համար: Հիշի’ր, տղես, հիշի’ր որ քո մեջ է բանակը, հիշիր երբ ջուր ես խմում, հաց ուտում, շնչում անգամ երբ գնած ես: Հիշի’ր: Հիշի’ր ու կհասկանաս` ինչու ես ծնվել, ինչով ես ապրում ու հանուն ինչի պիտի մեռնես: Հիշի’ր, որ պիտի ապրես: Ապրես, որ հաղթես: Դու հաղթելու համար ես ծնվել:
Իսկ հիմա պիտի գնամ: Գնամ, բայց էլի կգամ: Գնամ, որ դու հանգիստ քնես: Նորից շնորհավորում եմ ինձ, որ քեզ պես տղա ունեմ: Մամային լավ կնայես: Մինչ վաղը:
Մեկ այլ օրագիր
2012թ., հունվար 28, Գորիս
Բարև, պա’պ:
Ասում եմ՝ բարև, ու հասկանում` ինչքան եմ կարոտել: Էսօր քո տոնն է, էսօր էն բանակի օրն է, որ միշտ քո մեջ է: Էսօր արդեն որերդ անգամ վերընթերցեցի վերջին նամակդ ու հասկացա, որ իմ մեջ էլ է ապրում բանակը, էն բանակը, որ դու կառուցեցիր: Գիտես, լավ չէի հասկանում խոսքերիդ իմաստը մինչ բանակ գալս, բայց հիմա հասկանում եմ: Հասկանում եմ, որ պիտի ապրես ու պիտի հաղթեմ: Չէ՞ որ արդեն 20 տարեկան եմ, արդեն տղամարդ եմ: Գիտեմ, որ մի հեռու տեղից հետևում ես ինձ, ու միշտ փորձում եմ ինձ էնպես պահել, որ ժպտաս:
Իսկ հիմա պիտի գնամ: Գնամ, բայց էլի կգամ: Գնամ, որ մաման հանգիստ քնի: Նորից շնորհավոր տոնդ, պապ, շնորհավոր տոնդ, իմ հայոց բանակ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahan.shirak/posts/595736167119033
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել