
Անցյալ դարի 70-ական թվականների վերջին ծառայում էի խորհրդային բանակում: Խորհրդային խո՛ր տարիներ էին:
Ես ավագ լեյտենանտ էի, և իմ ամբողջ օրն անցնում էր ռուս բարձրաստիճան սպաների հետ:
Բնականաբար, շատ էինք վիճում այս ու այն հարցի շուրջ: Բայց մի հարց անընդհատ ամենաշատն էր վեճի առարկա դառնում. ես անընդհատ պնդում էի, որ յուրաքանչյուր հանրապետություն պետք է ունենա իր բանակը, և ամեն մեկս պետք է ծառայի իր հանրապետությունում:
Ցնորամի՛տ պնդում էր. իմ ռուս ընկերները ոչ մի կերպ չէին ընկալում դա: Այո՜, ցնորամիտ էր, բայց երազանք, որն այսօր իրողություն է դարձել Աստծո կամոք և մեր ժողովրդի վճռականության ու միասնականության շնորհիվ:
Ո՞ւմ մտքով կանցներ, սրտով կանցներ, որ մի տասը-տասնհինգ տարի հետո մենք ունենալու ենք բանակ, որ մենք կարող ենք տեր կանգնել մեր վշտին ու ուրախությանը, որ մեր բանակը ցույց է տալու հայի ազնվագույն որակները, հաղթելու կամքը, ասպետականությունը, հանուն հայրենիքի մինչև վերջ պայքարելու վճռականությունը:
Եվ այսօր այդ բանակն արդեն կայացած է. փա՜ռք նրան, որ սանձում է թշնամուն, փա՜ռք նրան, որ Հայրենիքի սիրտը տագնապից չի կծկվում, որ հայի համար հնարավորություն է ընձեռել ստեղծագործական աշխատանքի:
Երբ Հայկ Նահապետը բարձրացրեց իր սուրը, երբ Սասունցի Դավիթը կռվի ելավ թշնամու դեմ, երբ մեր հերոսները մարտնչում էին, նրանց աչքերում և հոգու մեջ երևի կային մեր այսօրվա գերժամանակակից բանակի տեսիլքը և հզորությունը, այլապես նրանք չէին հաղթի և չէին հզորանա:
Ավա՛ղ, անդառնալի կորուստներ էլ ենք ունեցել. ճիվաղները, որոնց երակներով հոսում է ոչ թե հայի արյունը, այլ թշնամու մեզը, դավադրաբար սպանել են մեր հերոսներին երեկ և այսօր: Նզո՜վք նրանց և մոռացություն:
Այսօր փառք տանք հայի Աստծուն, որ ունենք հայի բանակ, որ այդ բանակը մեր սիրելին է, որովհետև այնտեղ մեր երեխաներն են, մեր ժողովրդի քաջարի որդիները:
Թող կեցցե՜ Հայոց բանակը մեր սիրով, թող այնքան ուժ ու զորություն ունենա, որ իր հզորությամբ ներողամիտ լինի և արդարամտորեն անխնա: ՎԱՍ