Ամայացած ամրոցը թաղված էր մեռելային լռության մեջ: Այժմ չէին լսվում ամրոցում ապրող մարդկանց աշխույժ զրույցները, երգերի ձայները: Մոռացության մատնված ամրոցը արդեն գրկախառնվել էր բույսերի և վայրի ծաղիկների հետ` դարձել նրանց հետ միատարր: Արտաքինից կանաչ էր` կարծես հյուրընկալ, իսկ ներսում սառնություն էր ու դատարկություն... ամեն տեղ սարդոստայն, կոտրված ու մաշված իրեր: Նույնիսկ արեգակի շողերը, որոնք, հաղթահարելով ամրոցին գրկած կանաչը, կարողանում էին ներթափանցել ներս, չէին ջերմացնում երբեմնի կյանքով լի ամրոցը:
Այդ օրը անձրև էր գալիս:
Փոքրիկ կաթիլները ընկնում էին ամրոցի տանիքին ու կարծես երաժշտություն դառնում այդ անկենդան լռության մեջ: Կաթիլները սկսում են ավելի արագ թափվել երկնքից ու ամրոցը սկսում է օրորվել երևակայական երաժշտության ներքո: Շատ հին անցյալում, երբ ամրոցը նորակառույց էր, որքա՜ն պարահանդեսներ են կազմակերպվել նրա տանիքի ներքո: Տարիներ են անցել... անթիվ... անհամար... քանի սերունդ է մեծացել այդ տանիքի ներքո: Իսկ այսօր նա հնաոճ է, անպետք, անտեր, լքված, միայնակ ծերուկ, որ ժամ առ ժամ, րոպե առ րոպե սպասում է իր վերջնական մահախոսականին: Անձրևը թափվում էր երկնքից` լվանալով ամրոցը գրկած, արդեն խեղդամահ անող, կանաչը: Այն կանաչը, որ ոչ վաղ անցյալում կարծես փրկություն լիներ ամրոցի համար, այն կանաչը, որ կարծես կյանքով էր լցնում քարե անկենդան ամրոցը: Այսօր այն կործանում էր ամրոցը:
Անձրևն ուժեղանում էր:
Ամրոցը ճոճվում էր անձրևի ներքո, թույլ տալով նրան ներթափանցել արդեն վաղուց մաշված տանիքից ու կոտրված պատուհաններից ներս:
Երկինքը պայթում է ու մի հսկա կայծակ լուսավորում է մթության մեջ խորտակված ամրոցն ու նրա շրջապատը: Այս լույսի ներքո ամրոցը սարսափելի տեսք է ստանում` անտառի մեջտեղում կանգնած մի ամրոց, որի բոլոր 4 հարկերի պատուհաններից միայն մթություն է թափվում դուրս, իսկ ամրոցին գրկած կանաչը այդ լույսի ներքո ստանում է տարբեր ձևեր ու ամրոցը վերածում այնպիսի մի վայրի, որը կարծես լի է ուրվականներով:
Ամրոցը ճոճվում էր անձրևի ներքո, կարծես կանխազգում է իր մոտալուտ ավարտը և իր վերջին պարն է պարում:
Երկինքը կրկին պայթում է, շրջապատում ամեն ինչ լուսավորվում է, ինչպես կլուսավորվեր արևշատ մի կեսօր: Դիվային ձայնից անմիջապես հետո կայծակը հարվծում է ծերուկ ամրոցին և անմիջապես մթությունով լցված պատուհանները սկսում են լուսավորվել մեկը մյուսի հետևից: Այս գլխապտույտ վալսի ներքո գրկախառնվում են երկու վաղեմի սիրահարները: Այն երկուսը, որոնք պաշտում են միմյանց, սակայն երբեք չեն կարող միասին, համատեղ ապրել, այն երկուսը, առանց որոնց պատկերացնել կյանքն ուղղակի անհնար է, այն երկուսը, որոնք միասին ոչնչացնում են միմյանց, իսկ առանձին` մեկը մյուսի կարոտից կարող է ոչնչացնել շրջապատում ամեն ինչ: Երկու տարերք, երկու անհագ ցանկություն, մեկ սիրտ, մեկ հավերժություն` անձրև և կրակ:
Ժամանակը սկսում է ավելի արագ առաջ գնալ: Ամեն ինչ խառնվում է իրար` անձրևը, կրակը, հողը, քամին, սերը... ու այս ամենի մեջտեղում ամրոցը, որ մաս-մաս էր լինում հավերժության համար պայքարի այս ճակատամարտում:
Լուսանում էր... Անձրևի ու կրակի հերթական կրքոտ հանդիպումից հետո ամեն ինչ ոչնչացած էր...
Ամրոցի փլատակների տակ մնացին շատ-շատերի հույսերն ու հույզերը, ցանկություններն ու երազանքները, որոնք այդպես էլ իրականություն չէին դարձել ու երբեք էլ չեն դառնա...