Այս պահին ասում ենք, որ հարկավոր է խաղաղություն, ու նման մեխանիզմի ներդրումը կարող է իրոք հանգեցնել հակամարտության լարվածության մեղմման: Հետաքննող մեխանիզմի ներդրմամբ առաջ կմղվի խաղաղ կարգավորման գործընթացը, կմեծանա Արցախի Հանրապետության մասնակցության հավանականությունը բանակցային գործընթացին: Անհնարին է, որ նման մեխանիզմի ներդրմանը չներգրավվեն Արցախի պետական որոշ ինստիտուտներ, ի վերջո դրանք տեղակայվելու են Արցախի ու Ադրբեջանի սահմանին:
Հայկական կողմը նախագահի մակարդակով է փորձում առաջ տանել տվյալ թեզը։ Ու այժմ կարծես թե մենք ակնկալում ենք, որ այն դրական զարգացում կունենա:
Սակայն այս գաղափարն ունի նաեւ խնդրահարույց կողմեր: Մինչ օրս հայտնի չէ միջպետական, էթնիկ բնույթի հակամարտության մի դեպք, երբ տեղի ունենա սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, ուր մնաց, որ կարողանանք պարզել, թե դրանք գործեն արդյունավետորեն: Այնպես որ, սա լինելու է առաջին փորձը, եթե, իհարկե, գործը հասնի լինելուն:
Հաջորդ մտահոգիչ հանգամանքը. եթե ներդրվի մեխանիզմը, որի ջերմ աջակիցը ԱՄՆ-ն է, եւ այն սկսի հուսալի գործել, դա կնշանակի, որ ամերիկյան կողմը նաեւ ջանադրաբար առաջ կմղի քաղաքական կարգավորման հարցը: Այստեղ է, որ պետք է մտածենք` սա մեզ ի՞նչ կտա:
Մինչեւ այժմ տրամաբանությունը եղել է հետեւյալը. Ադրբեջանից միայն պահանջել են դադարեցնել կրակը, չդիմել ագրեսիայի (դա էլ խիստ անուղղակի կերպով, ուղիղ պահանջ չի հնչեցվել), այլ պահանջ այդ երկրից չի եղել, չեն խոսել այն մասին, որ Ադրբեջանը օկուպացրել է ԼՂՀ-ին, նաեւ ՀՀ-ին պատկանող տարածքներ:
Մինչդեռ Հայաստանի պարագայում եղել է Ադրբեջանին տարածքներ զիջելու մասին պահանջը. հիշենք ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ուորլիքի խոսքերը: Հիմա եթե իրագործվում է ամերիկյան կողմի առաջարկը` ներդրվում է հետաքննության մեխանիզմն, ու այն իրեն արդարացնում է, արդյոք ճնշումների մեթոդով մեզ չի՞ պարտադրվի կարգավորման տարբերակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1052439971492644&id=100001799538095
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել